44–օրյա պատերազմի հանգամանքների հարցի քննարկումն ամենատարբեր կտրվածքներով պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ Հայաստանում օբյեկտիվ առումով ստեղծվեն պայմաններ, այսինքն` լինի իշխանափոխություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտապի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` փակ քննարկում անցկացնելու առաջարկը։
Հայկական տեղեկատվական տիրույթում կրկին ակտիվացել են 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղավորների վերաբերյալ քննարկումներն ու փնտրտուքները։ Առիթ է հանդիսացել գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի կոչը՝ խորհրդարանում անցկացնել 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների փակ քննարկում` ներգրավելով տվյալ ժամանակահատվածում առանցքային քաղաքական և ռազմական պաշտոններ զբաղեցրած անձանց, համապատասխան թույլտվություն և պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների հասանելիություն ունեցող քաղաքական ու հասարակական գործիչների, ինչպես նաև զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Ըստ նրա` եկել է ժամանակը նայելու ճշմարտության աչքերին և փարատելու տարածվող բոլոր ստերն ու անտեղի շահարկումները։
Տիգրան Աբրահամյանը համոզված է, որ գործող իշխանության օրոք օբյեկտիվ քննություն հնարավոր չէ՝ հաշվի առնելով իշխանության ազդեցությունը դատական համակարգի և ուժային կառույցների վրա։ Նրա խոսքով՝ հենց այդ հանգամանքն է, որ կասկածի տակ է դնում նման քննարկումների արդյունավետությունը, հատկապես եթե դրանք նախատեսվում են փակ ձևաչափով։
«Ինքս ծանոթացել եմ 44-օրյա պատերազմի զեկույցին, որում կան նաև Օնիկ Գասպարյանի հայտարարությունները` տարբեր դրվագների հետ կապված, կա նաև հավելված, որում լրացուցիչ ներկայացված է նրա վերլուծությունը։ Բազմաթիվ հարցեր են առաջանում, ակնհայտ է, որ փորձում է իրեն պաշտպանել. ինչպես քաղաքական իշխանությունն է փորձում գլխավոր պատասխանատվությունը բաշխել, այնպես էլ յուրաքանչյուրը փորձում է իր պատասխանատվության աստիճանը կա՛մ մեղմացնել, կա՛մ իրեն դուրս բերել այդ պատասխանատվության աստիճանից»,– ասաց Աբրահամյանը։
Խոսելով զեկույցի բովանդակության մասին՝ Աբրահամյանը չբացառեց, որ այնտեղ կան նաև օբյեկտիվ գնահատականներ։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց՝ շատերը դեռևս խուսափում են բաց խոսել տարբեր պատճառներով։
«Ակնհայտ է, որ շատերը չեն խոսում՝ փորձելով խուսափել իշխանության կողմից որևէ գործողություններից»,– նշեց նա՝ հավելելով, որ այդ վախերը կարող են կապված լինել քրեական գործերի կամ հնարավոր ճնշումների հետ։
Պատգամավորի համոզմամբ` պատերազմի թեմայով խոսքը պետք է ուղեկցվի նաև պատասխանատվության ընդունմամբ։
Անդրադառնալով Գասպարյանի նախաձեռնության հնարավոր քաղաքական ենթատեքստին` Աբրահամյանը նշեց՝ անհնար է միանշանակ պնդել, թե այդ քայլը պայմանավորված է իշխանության թելադրանքով, սակայն չբացառեց, որ թեման կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով։
«Չի բացառվում, որ իշխանությունը թեման կարող է օգտագործել հենց նախընտրական փուլում՝ տարբեր անձանց դեմ աշխատելու կամ ճնշումներ գործադրելու համար»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ Աբրահամյանը չբացառեց նաև այլ մոտիվներ՝ նշելով, որ Գասպարյանի քայլի հիմքում կարող են լինել անձնական գնահատականներ կամ տարիների ընթացքում կուտակված ներքին ծանր զգացողություններ։
Աբրահամյանը զգուշությամբ է վերաբերում նաև Գասպարյանի հասցեին հնչող հրապարակային քննադատություններին, մասնավորապես՝ ռուսաստանցի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի հայտարարություններին՝ նշելով, որ նման հարցերը երկկողմ հարաբերությունների հարթությունում են և դուրս են իր մեկնաբանությունների շրջանակից։ Սակայն նա չի բացառում, որ այդ հրապարակումները կարող էին որոշակի ազդեցություն ունենալ ԳՇ նախկին պետի վարքագծի վրա։
Նշենք, որ ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը սոցցանցային իր հրապարակումներից մեկում անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած իր հանդիպումներին։ Նա պնդում է, որ պատերազմի թեժ փուլում Մոսկվայում՝ «Արարատ Հայաթ» հյուրանոցում, անձամբ երկու անգամ հանդիպել է Գասպարյանին։ Գաբրելյանովի խոսքով՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են պատերազմի ընթացքին վերաբերող առանցքային հարցեր, այդ թվում՝ բանակի գործողությունների, սպառազինության կիրառման և որոշումների կայացման գործընթացը, Գասպարյանն այդ ժամանակ եղել է հոգեբանական ծանր վիճակում և որոշումների կայացման հարցում կախվածություն է ունեցել ՀՀ վարչապետի դիրքորոշումից։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ մի շարք ռազմավարական որոշումներ (այդ թվում՝ զորքերի տեղաշարժերին վերաբերող) վերագրվել են քաղաքական ղեկավարությանը։ Միաժամանակ նա պնդում է, որ Գասպարյանը խուսափել է որոշ նախաձեռնություններից՝ վկայակոչելով վերադասի սահմանափակումները։
Տիգրան Աբրահամյանը պատերազմից հետո անձամբ հանդիպել է Օնիկ Գասպարյանին և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստացել, սակայն, նրա խոսքով, բոլոր թեմաները չեն փակվել։ Պատգամավորի համոզմամբ՝ տարիների ընթացքում առաջացել են նոր գնահատականներ և վերլուծություններ, որոնք կարող են դառնալ հրապարակային քննարկման առարկա։
«Շատ կարևոր է, թե ոնց է խոսում և ինչի մասին է խոսում»,– ընդգծեց Աբրահամյանը՝ նշելով, որ եթե նպատակը լինի միայն ինքնապաշտպանությունը, ապա այդ խոսքը հանրային արժեք չի ունենա։
Նրա կարծիքով՝ կարևոր է, որ 44-օրյա պատերազմի թեմայով բարձրաձայնվող տեղեկությունները ծառայեն հասարակական հետաքրքրությանը և նպաստեն իրական պատկերի բացահայտմանը։
