«18 արդարների գործով» արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուս ամբաստանյալների պաշտպանական կողմը կրկին ընդգծում է մեղադրանքների անհիմն լինելը և ձեռագրաբանական ու ֆոնոսկոպիկ փորձաքննությունների անցկացման անհրաժեշտությունը։
Ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հիշեցրել է, որ Գալստանյանին վերագրվող «ահաբեկչության ծրագիրը» հայտնվել է այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել մեղադրանքի դիրքերը։ Քննչական կոմիտեի նախագահը, պնդելով, թե ծրագիրը գրվել է Բագրատ սրբազանի ձեռքով, ստում է, թեև պետք է հասկանա, որ միայն ձեռագրաբանական փորձաքննությունը կարող է պարզել՝ արդյոք այն գրվել է Գալստանյանի կողմից, թե ոչ։ Սակայն նման փորձաքննություն չի իրականացվել, այն դեպքում, երբ յուրաքանչյուրը կարող է համեմատել Բագրատ Գալստանյանի և «ծրագրի» հեղինակի ձեռագրերը։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ուշագրավ մանրամասներ է հայտնել այն մասին, թե ինչպես է գտնվել այդ «փաստաթուղթը»։ Դրա բնօրինակն անգլերեն է, և այնտեղ նշվում են այնպիսի խոշոր խաղացողներ, ինչպիսիք են ՌԴ-ն, Բելառուսը, Չինաստանը, Հնդկաստանը և այլն։ Ըստ այդ «ծրագրի»՝ նրանք բոլորը պետք է մասնակցեին, ներխուժեին թշնամական երկիր և գերեվարեին 150-200 քաղաքացու։ Ծրագիրը գրված է տետրի կազմի վրա և հայտնաբերվել է Բագրատ սրբազանի նստավայրում կատարված խուզարկության ժամանակ։ Ինչպես հիշեցրել է փաստաբանը, հանրահավաքների և քաղաքացիների հետ ակտիվ շփումների օրերին մարդիկ մոտեցել են արքեպիսկոպոսին և նրան նամակներ փոխանցել, այդ թվում՝ «փրկության ծրագրեր»։ Այդ նամակները հավաքվել և պահվել են արկղում։ Քննչական մարմինը դրա բովանդակության ոչ մի վերլուծություն նույնպես չի իրականացրել, սակայն շտապել է այն ներկայացնել որպես «Բագրատ արքեպիսկոպոսի ձեռքով գրված ահաբեկչության ծրագիր»։ «Բագրատ սրբազանը փայլուն տիրապետում է անգլերենին, ունի Անգլիայի ուսումնական հաստատություններից մեկի մագիստրոսի կոչում, սակայն կենցաղում օգտագործում է մայրենի լեզուն»,- նշել է փաստաբանը։ Պաշտպանական կողմը ցուցադրեց նաև խուզարկության կադրերը՝ ընդգծելով, որ բովանդակությունը մոնտաժի ժամանակ չի տուժել։ Որպես այլ «ապացույց» քննությունը ձեռքի տակ ունի նույն աղբյուրից ստացված մի նամակ, որտեղ շարադրված է համակիրներից մեկի երազը՝ Աստվածամոր, ինչ-որ լույսի և զենքի մասին։ «Լավ է, որ ՔԿ նախագահը հենց այդ նամակը չի բերել որպես «ապացույց», թեև այն առկա է գործի նյութերում, և բացառված չէ, որ հետագայում օգտագործվի»,- նշել է Հովհաննես Խուդոյանը։
Ամբաստանյալ Իգոր Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանն անդրադարձավ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ գաղտնալսումներին։ «Այս տվյալները նույնպես դատարան են բերվել առանց փորձաքննության։ Այսինքն՝ խոսակցությունը շարադրված է՝ ելնելով քննիչի կարծիքից, թե ով ինչ է ասել։ «Մեղքի ծանրության» մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ էր փորձաքննություն անցկացնել։ Ես Իգոր Սարգսյանի փաստաբանն եմ, մենք ընկերություն ենք անում 30 տարի. լսում եմ ձայնագրությունը և չեմ ճանաչում նրա ձայնը։ Քննիչն ո՞վ է՝ Նոստրադամո՞ւսը, Վանգա՞ն, թե՞ Մեսինգը, որ ձայնով գուշակություններ անի»,- հարցադրում է արել փաստաբանը։ Նա հիշեցրել է, որ Բագրատ սրբազանը, չլինելով իրավաբան, հենց առաջին դատական նիստին բարձրացրել է այս հարցը։ Փաստաբանը շեշտել է, որ առանց փորձաքննության փաստաթուղթն ապացուցողական ուժ չունի, սակայն դատարանը չի լսել փաստարկները։ Դավթյանը ենթադրում է, որ ավելի քան մեկ տարի գաղտնալսումներ իրականացրած, բայց մեղադրանքի հիմքեր չգտած քննչական մարմնի շտապողականությունը կապված է սրբազանի գլխավորած շարժումը չեզոքացնելու ձգտման հետ՝ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հանդիպման նախաշեմին Մեղրիի միջանցքը հանձնելու նպատակով։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ գործում առկա են բազմաթիվ անհամապատասխանություններ՝ նույն ձայնագրության տարբեր ամսաթվեր, ձայնագրության և դրա վերծանման ամսաթվերի անհամընկնումներ, իսկ առնվազն մեկ դեպքում խոսքը կեղծիքի մասին է։ Միևնույն ժամանակ, խոսակցությունների բովանդակության մասով պաշտպանական կողմը վստահ է, որ դատարանում կկարողանա ապացուցել, որ որևէ հանցավոր բան չի ծրագրվել։ Ըստ նրա՝ ձայնագրության մեջ հնարավոր միջամտության հավանականությունը չի բացառել նաև դատախազը։ Տեսականորեն պաշտպանական կողմն անձամբ կարող է փորձաքննություն իրականացնել, սակայն ներկայացված ապացույցների համար պատասխանատվություն է կրում դատախազը, փաստել է փաստաբանը։ Երբ տեքստն ու ձայնագրությունը չեն համըկնում, դա առնվազն պաշտոնեական անփութություն է, իսկ հնարավոր է նաև՝ դիտավորություն։ «Մենք չենք կասկածում դիտավորության հարցում»,- նշել է Խուդոյանը։
Պաշտպանական կողմն ընդգծել է, որ ուշադրություն է հրավիրում փորձաքննությունների վրա, քանի որ դատարանը պարտավոր է ապահովել գործընթացի օրինականությունը։ Հակառակ դեպքում, եթե նման հնչեղ քաղաքական գործերով քննությունն այսքան անփույթ է, ապա ի՞նչ կարելի է ակնկալել սովորական գործերով։
Մկրտիչ Դավթյանն այս համատեքստում հիշեցրել է «Վիշինսկու եռյակները». «Մենք այս գործով տեսնում ենք անօրինականության հաղթարշավ։ Բայց եթե կա Քրեական օրենսգիրք, պետք է դրանով առաջնորդվել։ Ինչ-որ մեկի ցանկությամբ մեղադրանքներ ներկայացնելը բռնապետություն է և թողտվություն»։
