Логотип

ՍՄՈՒԶԻ VS ՀՅՈՒԹԵՐ․ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մրգերի սպառման ձևն ուղղակիորեն ազդում է առողջության վրա։ Ի տարբերություն տարածված կարծիքի՝ լավագույն ցուցանիշները կապված են ոչ թե հյութերի, այլ սմուզիների և ամբողջական մրգերի հետ:

Գիտնականները համեմատել են մարդկանց մի քանի խմբեր՝ կախված նրանից, թե ինչպես են նրանք օգտագործում մրգերը՝ հյութերի, սմուզիների, ամբողջական պտուղների տեսքով, թե նվազագույն քանակությամբ:

Արդյունքները բավականին խոսուն են եղել: Նրանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով սմուզի են օգտագործել, արձանագրվել են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության լավագույն ցուցանիշները, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների՝ ներառյալ հիպերտոնիայի (զարկերակային գերճնշում), բարձր խոլեստերինի և դիաբետի նվազագույն տարածվածություն:

Երկրորդ տեղում հայտնվել են այն մարդիկ, ովքեր նախապատվությունը տալիս են ամբողջական մրգերին: Միևնույն ժամանակ, մրգահյութ սպառողները բոլոր խմբերի մեջ արձանագրել են առողջական վատթարագույն ցուցանիշները. նրանց մոտ ավելի հաճախ են հանդիպել քրոնիկ հիվանդություններ, իսկ ընդհանուր ինքնազգացողությունը, էներգիայի մակարդակը և քունը գնահատվել են ավելի ցածր։

Հիմնական բացատրություններից մեկը կապված է բջջանյութի հետ։ Սմուզիի մեջ այն պահպանվում է, քանի որ օգտագործվում է ամբողջ պտուղը՝ ներառյալ միջուկը։ Սա դանդաղեցնում է շաքարի յուրացումը, նպաստում հագեցվածության զգացմանը և արյան մեջ գլյուկոզայի ավելի կայուն մակարդակին։ Հյութերի պարագայում բջջանյութը զգալիորեն հեռացվում է, ինչի պատճառով շաքարն ավելի արագ է ներթափանցում արյան մեջ, ինչն էլ կարող է վատթարացնել նյութափոխանակության ցուցանիշները։

Բացի այդ, սմուզիի պատրաստման ընթացքում մանրացման գործընթացը քայքայում է պտուղների բջջային կառուցվածքները, ինչը կարող է հեշտացնել որոշ սննդարար նյութերի յուրացումը և բարձրացնել դրանց կենսամատչելիությունը:

Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծում են մի կարևոր սահմանափակում. խոսքը դիտարկվող տվյալների մասին է, այլ ոչ թե ուղղակի պատճառահետևանքային կապի։

Այն մարդիկ, ովքեր նախապատվությունը տալիս են սմուզիներին, ընդհանուր առմամբ հաճախ են առողջ ապրելակերպ վարում, օրինակ՝ ավելի շատ են շարժվում և ավելի քիչ են ծխում, ինչը նույնպես կարող է ազդել արդյունքների վրա։

News.am