Զովաբերցի Սուքիասյանների ընտանիքը հայրենի գյուղում ապրել է հողին կպած՝ բառացիորեն նաև: Հարյուր տասը տարի առաջ կառուցված և պապից թոռներին անցած տունը հողաշեն է, տանիքը՝ հողածածկ: Տարիների ընթացքում, Գեղարքունիքի մարզին բնորոշ կլիմայական խիստ պայմաններից քայքայվելով՝ հողաշեն տունը դարձել է չորրորդ կարգի վթարայնության շինություն: Տարբեր պատճառներով՝ նոր տուն կառուցել չի հաջողվել: Սուքիասյաններն ստիպված են եղել շարունակել ապրել այդտեղ, լուծել բազմանդամ ընտանիքի օրվա հոգսերն ու բավարարվել ժամանակ առ ժամանակ իրականացվող նորոգման աշխատանքներով: