Логотип

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԲՈՅԿՈՏԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԼՔԵԼՈՎ ԴԱՀԼԻՃԸ

Սանկտ Պետերբուրգի Հայկական Ազգային-մշակութային ինքնավարությանը (АНКА) խնդրել են դեկտեմբերի 19-ին՝ 11:00-ին, արագորեն մի քանի անձանց ցուցակ ներկայացնել ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար, հաղորդում է «Սանկտ Պետերբուրգի Հայկական ինքնավարություն» ՀԿ-ն։

«Քանի որ երիտասարդական կազմակերպություններն իրենց մասնակիցներին ներկայացրել էին առանձին ցուցակով, АНКА-ն ներկայացնում էր ավագ սերնդին։ Հանդիպման կազմակերպչին ներկայացված ցուցակում ընդգրկված էր 16 մարդ, մասնավորապես՝ հետևյալ ոլորտներից. մշակույթ, կրթություն, ձեռներեցություն, մարզերի համայնքներ և այլն։ Ժամանակի խիստ սղության պայմաններում յուրաքանչյուր անձի հետ անհատական ​​պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Դեկտեմբերի 22-ի հանդիպումը նախատեսված էր աշխատանքային օրը՝ 14:00-ին։ Այնուհետև այն փոխվել է մինչև 16:00, ապա՝ 16:30, ապա՝ 18:00։ Արդյունքում, մի քանի մարդ նախատեսված ժամի՝ 14:00-ի փոծարեն չկարողացավ ներկայանալ 18:00-ին։ Հանդիպմանը АНКА-ն ներկայացնում էր ինը մարդ։

Դահլիճում, որտեղ անցակացվում էր հանդիպումը, կար մոտ 60 մարդ, նրանց թվում՝ ավելի քան 20 երիտասարդական կազմակերպություններից, ոմանք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և հյուպատոսությունից, ոմանք էլ՝ Մոսկվայից։

Դեկտեմբերի 22-ի կեսօրին Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հավաքվել էին մոտ 100 ծխական և համայնքի անդամներ։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը սկսվել է 18:00-ին։

Քանի որ շատ լրատվամիջոցներ տարածում են տարբեր տեղեկություններ Նիկոլ Փաշինյանի հետ 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպման մասին, տվյալ էջում առանձին զետեղված է երեք քննադատական ​​ելույթ։

Սկզբում ելույթ են ունեցել Վահե Ավետյանը և Վահան Բաբախանյանը։ Այնուհետև նրանք, ի նշան բողոքի, մի քանի գործընկերոջ հետ լքել են նիստերի դահլիճը։ Ավելի ուշ ելույթ է ունեցել Կարեն Մկրտչյանը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Ստորև կազմակերպությունը տրամադրել է վերոնշյալ քաղաքացիների ելույթների տեքստերը։

Վահե Ավետյանի ելույթը (հայերեն թարգմանությունը՝ News.am-ի)

«Մեզ հրավիրել էին մասնակցելու այս հանդիպմանը, որպեսզի հարց տանք մեզ հուզող խնդիրների և այն մասին, թե ինչ է մեզ սպասվում։ Ո՞րն է այս հանդիպման նպատակը։ Դուք եկել եք «Նիժնի Տապր», այդքան անհարգալից ձևով մեզ կանչել եք, որ ի՞նչ առաջարկեք։ Որպեսզի մենք գանք, ներդրումներ անենք, որ եթե ԱԱՀ-ն կանխիկ վճարենք, դուք հրամայեք ինչ-որ ձևով փակե՞լ այդ խանութը։ Հիմա դրա համար ձեզ նույնպես պետք է բանտարկել։ Այսինքն, Սամվել Կարապետյանի աշխատաոճը հանցավոր է, բայց ձեր ոճը, որը լրիվ «բեսպրեդել» է, օրինակա՞ն է։ Եպիսկոպոսները համարվում են վտանգավոր պետության շահերի համար, բայց բիզնեսները փակելու և բռնագրավելու ձեր անօրինական հրամանները լա՞վ են։ Եվ փողոցում հավաքված մարդիկ ուզում են նույն հարցը տալ։ Եվ բոլորը հասկանում են, որ այս քայլերը հիմնված են «բաժանիր և տիրիր» պարզ բանաձևի վրա։ Դուք նույնիսկ չեք մասնակցել կիրակնօրյա պատարագին։ Ինչո՞ւ։ Մենք ձեզ հրավիրում ենք մասնակցելու մեր «Նիժնի Տապրի» պատարագին։ Հետևաբար, ես ներողություն եմ խնդրում մասնակիցներից, բայց մենք (փողոցում հավաքված հայրենակիցների տպավորիչ զանգվածը) չենք մասնակցի նման մանիպուլյացիաների և կպայքարենք պառակտման դեմ մեր ձևով։ Դուք կարող եք ինձ և փողոցում հավաքված բոլոր մարդկանց կալանավորել ձեր ձևով՝ այս «մեր ձևով»-ի համար։

Վահան Բաբախանյանի ելույթը

Ես կարող էի հավատալ ձեզ, պարոն Փաշինյան, բայց թույլ տվեք բերել երկու օրինակ։ Առաջինը. երբ դուք իշխանության եկաք 2018 թվականին, ես ձեզ նամակ գրեցի Երևանից համահայկական հարցերով, նախ հունիսի 13-ին, ապա կրկին մեկ ամսվա ընթացքում։ Բայց ես տեսա անտարբերություն։ Երկրորդ օրինակը ձեր հաճախակի կրկնվող թեզն է Ալմա-Աթայի հռչակագրի մասին։ Այն որևէ կապ չունի Արցախի հետ։ Արցախը հանրաքվե անցկացրեց և անջատվեց Ադրբեջանական ԽՍՀ-ից՝ ըստ Սահմանադրության, նախքան Ալմա-Աթայի այդ հանդիպումը՝ իր կարճ հռչակագրով։ Այնտեղ հստակորեն չէր խոսվում սահմանների մասին։ Եթե անգամ նկատի էին առնված սահմանները Ալմա-Աթայի հանդիպման պահին, ապա հանդիպման ժամանակի սահմաններն էին, և Արցախն այդ ժամանակ այլևս Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս չէր կազմում։ Սա ձեր կողմից այդ հռչակագրի ուղղակի մանիպուլյացիա է, քանի որ հայերի 95%-ը չի կարդացել այն ​​և հավատում է ձեզ, բայց դա ճիշտ չէ։ Շատ պատմաբաններ, քաղաքագետներ և գիտնականներ արդեն տասնյակ անգամ խոսել և գրել են այս մասին։ Բայց դուք շարունակում եք խաբել ժողովրդին։

Ինչ վերաբերում է համայնքի կարծիքին, այստեղ մոտ 50 մարդ կա, և ես հարգում եմ բոլորի կարծիքը։ Բայց այսօր, այլ վայրում, եկեղեցում, հավաքվել էին համայնքի կրկնակի շատ անդամներ, և նրանք կարճ հայտարարություն տարածեցին։ Ես այն փոխանցում եմ ձեզ՝ այլ հայտարարությունների հետ միասին՝ որպես տեղեկություն։

Դրանից հետո Վահե Ավետյանը, Վահան Բաբախանյանը և մի քանի գործընկեր լքեցին նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։

News.am