Логотип

ԳՏԱՆ ՓՈՂԸ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դե ահա, թոշակառուների սպասումներն արդարացան։ Նիկոլ Փաշինյանը հաղորդեց, որ ապրիլի 1-ից թոշակառուների կենսաթոշակները կբարձրացվեն 10 000 դրամով: Փողը, որքան էլ տարօրինակ է, գտնվեց։ Նույնիսկ ինքն իրեն իշխանության շնորհած բազմամիլիոնանոց պարգևավճարներից հետո։

Գտնվեց այն 10 հազարը, որի մասին ավելի վաղ վարչապետն ասում էր, թե այդքան գումարով ավելացնելն անիմաստ է։ Իբր՝ ո՜վ գիտի, թե ինչերի վրա կշռայլեն թոշակառուներն այդ փողերը… Հիմա ահավասիկ հասկացավ, որ թոշակառուները ինչ-որ կերպ իրենք գլուխ կհանեն, թե ինչպես ծախսեն այդպիսի «կապիտալը»:

Հասկացավ այնուամենայնիվ Փաշինյանը, հասկացավ, չէ՞ որ ընտրությունները գնալով ավելի են մոտենում, և կա այն գիտակցումը, որ միայն Հանրային հեռուստաընկերության գլխավոր լրատվական ծրագրում (չենք խոսում արդեն այլ լրատվամիջոցների մասին) մրցակիցների վրա աղտեղություններ լցնելով ու թմբուկ զարկելով ընտրություններում չես հաղթի։

ԱՌՀԱՍԱՐԱԿ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ։ Ե՛վ նորակոչիկների ծնողները, և՛ իրենք՝ նորակոչիկները, որոնց ծառայության ժամկետը կրճատեցին, և՛ բոլոր նրանք, ովքեր անվճար բուժօգնություն են ստանում, և՛ թոշակառուները, որոնց կենսաթոշակն ավելացնում են, և՛ բանկերում անհուսալի վարկեր ունեցողները, որոնք հիմա դրանք մարելու որոշակի հնարավորություն են ստացել…

Քանզի այս ամենն արվում է բնավ ոչ երբեմնի «հպարտ» քաղաքացիների հանդեպ Նիկոլի սիրուց։ Այդ մեծ «սիրով» համակված՝ նա պարգևավճարներ է շնորհում ինքն իրեն։ Բոլոր այս քայլերը ոչ թե մեծ սիրուց են, այլ իշխանությունը կորցնելու շատ ավելի մեծ վախից:

Կորցնելու իշխանությունը և պատասխան տալու սպանված Արցախի համար։ Կորցրած տարածքների համար: Փաշինյանի հավակնությունների ու վախերի արդյունքում տված հազարավոր զոհերի համար։ Տասը հազար խեղվածների համար: Հարյուր հազար տնազուրկների։ Էլ չենք խոսում այնպիսի մանրուքների մասին, ինչպիսիք են բռնաճնշումները, իրավական սանձարձակ կամայականությունը, թանկացումները, չնվազող աղքատությունը և այլն։

Վստահ ենք. մարդիկ հասկանում են, որ Նիկոլի քայլերը թելադրված են այն պայքարով, որը, չնայած տարատեսակ բռնաճնշումներին, տարիներ շարունակ վարել է այդքան պախարակվող ընդդիմությունը, այն տոկունությամբ, որով հոգևորականներն ընդունեցին իշխանության հարվածները, այն հետևողականությամբ, որով չորրորդ իշխանությունը մշտական ճնշման տակ է պահում Նիկոլին ու իր թայֆային։

Այսօր իշխանության քարոզչության գլխավոր խոսափողը փոխխոսնակ Ռուբինյանն է։ Օրերս հայտարարեց, թե մարդիկ ձայն չեն տա ընդդիմությանը, որովհետև տեսել են, թե ինչպիսին էր «նախկինների» իշխանությունը։ Եվ ո՜վ է սա ասում… Թող հայելու մեջ նայեն իրենց կերպարանքին, իրենց կառավարման տարիներին։ Վստահ ենք, մարդիկ հասկանում են ոչ միայն այն, թե ինչով են բացատրվում Նիկոլի «բարի» քայլերը, այլև՝ թե ինչ կլինի, եթե սուտ խոստումների այս իշխանությունը վերարտադրվի։

Առաջին հերթին նոր պարգևավճարներ կգրեն իրենց՝ «լավ աշխատանքի» համար: Հետո կփոփոխեն Սահմանադրությունը, որպեսզի ընդմիշտ ամրագրեն «Քաղաքացիական պայմանագրի» բռնապետությունը և կատարեն Ալիևի պահանջը։ Այսօր քնեցրած «սահմանազատման և սահմանագծման» սոուսի տակ կհանձնեն նոր տարածքներ։ Եվ որպեսզի իշխանությանը չմեղադրեն դավաճանության մեջ, կլինեն նոր բախումներ ու նոր զոհեր։

Ալիևը անարգել տարանցում կստանա Հայաստանի տարածքով։ Ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ «հարազատ օջախներ»։ Կաճեն հարկերը, տուգանքներն ու վճարները, որպեսզի իշխանությունները դրանց հաշվին նոր պարգևավճարներ տան իրենց։ Կլինի հնարավոր ամեն ինչի սակագների աճ: Պետական պարտքի աճ, որպեսզի պարգևավճարների ֆոնդը չծանծաղանա։ Նոր բռնաճնշումներ ընդդեմ այլախոհների։ Ավարտին կհասցվի Հայ Առաքելական Եկեղեցու պառակտումը։ Եվ այս ամենը կլինի թմբուկի զարկի տակ, թմբուկի զարկի տակ, թմբուկի զարկի տակ…