Логотип

Քաղաքագետ․ Իրանական զարգացումների համատեքստում Արևմուտքը ճնշում է գործադրում Վրաստանի վրա

Իրանում լայնածավալ ռազմական գործողությունները Վրաստանի համար ավելի շատ կարևոր են ներքաղաքական իմաստով։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Վրաստանի հետ կազմակերպված տեսակապի ժամանակ այս մասին ասաց վրացի քաղաքագետ Արչիլ Սուրխարուլիձեն։ Նրա խոսքով` այս տարի Իրանում հակակառավարական ցույցերից հետո արդեն իսկ իրանցի ընդդիմադիրները արտագաղթել են Վրաստան։

«Թբիլիսիի փողոցներում տարբեր հակաիրանական ակցիաներ էին արվում։ Երկու օր առաջ էլ իրանցիներից մեկը կոտրել է Վրաստանում Իրանի դեսպանատան պատուհանը, ինչի համար նրան 6 ամսով կալանավորեցին, իսկ կալանքի ժամկետը լրանալուց հետո նրան արտաքսելու են»,– ասաց նա։

Սուրխարուլիձեն Վրաստանի համար մյուս վտանգը համարեց վրացական նախկին իշխանությունների ու ներկայիս արևմտամետ ուժերի հայտարարությունները։

«Դեռևս Սաակաշվիլու ժամանակ քննարկվում էր, որ Վրաստանը կարող է օգնել Իրանին հարվածելու հարցում։ Վրաստանում կան արևմտամետ ուժեր, որոնք ԱՄՆ դրոշն են կախել ու հայտարարում են, թե Վրաստանը պետք է հստակ դիրքավորվի ու աջակցի ԱՄՆ–ին ու Իսրայելին Իրանի դեմ գործողություններում։ Այսինքն, Վրաստանում սա ոչ միայն միգրանտների, այլև ներքին քաղաքական պայքարի հարց է»,– նշեց Սուրխարուլիձեն։

Ինչ վերաբերում է հումանիտար բաղադրիչին, ապա Սուրխարուլիձեն դեռևս փախստականների զանգվածային հոսքի վտանգ չի տեսնում: Ըստ նրա` այդ սցենարը հնարավոր կլինի, եթե Իրանում ապստամբեն քրդերը, և սկսվի քաղաքացիական պատերազմ: Սակայն փորձագետն այս փուլում հակված չէ կարծելու, որ իրանցի քրդերը զինված ապստամբություն կսկսեն:

«Իրանցի քրդերի ապստամբությունը ցանկալի չէ նաև հարևան Թուրքիայի համար, որտեղ նույնպես հսկայական քրդական բնակչություն է ապրում»,– նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ ներկայում Արևմուտքը ճնշում է գործադրում Վրաստանի վրա իրանական իրադարձությունների համատեքստում։

«Եթե Իրանում իրավիճակը վատթարանա, ապա «Վրացական երազանքի» շատ տնտեսական նախագծեր, որոնք կապված են դիվերսիֆիկացման և դեպի ձգողականության այլ կենտրոններ շրջվելու հետ, հարցականի տակ կհայտնվեն: Ինչո՞ւ են հիմա Թբիլիսիի փողոցներում պարում Խամենեիի մահվան պատճառով: Որովհետև այդ զանգվածի համար ԱՄՆ-ի հաղթանակն Իրանում հնարավորություն է՝ Վրաստանը վերադարձնելու այն ուղուն, որտեղ նա պետք է կուրորեն հետևի Վաշինգտոնի և Բրյուսելի շահերին», – ասաց փորձագետը։

Sputnik Արմենիա