Логотип

Մենք այլ մոտիվացիա չունենք. Փաշինյանը` ՀԿԵ-ի վերաբերյալ Ռուսաստանի հետ քննարկումների մասին

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցենսիոն կառավարումն այլ երկրի հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումներ կան աշխատանքային մակարդակում։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ռուսական կողմի հետ շարունակվո՞ւմ են քննարկումները այս հարցի շուրջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն առաջարկել էր ՌԴ գործընկերներին վաճառել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 90-ականների սկզբից։

«ՌԴ մեր գործընկերների հետ հարցի վերաբերյալ մենք որոշակի ըմբռնում ենք տեսնում, որի համար շատ շնորհակալ եմ, քանի որ էլի եմ ասում` մեր ասածի մեջ որևէ բան, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, չկա։ Մենք մեր գործընկերների հետ կիսվում ենք օբյեկտիվ իրավիճակով, որ Հայաստանն այս առումով իր մրցակցային առավելությունները կորցնում է։ Մենք այլ մոտիվացիա չունենք։ Հույս ունենք, որ մենք կհասնենք կոնկրետ լուծումների»,– հայտարարեց նա։

Հայկական երկաթուղիները ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։

Sputnik Արմենիա