Логотип

CCAF-ը դատապարտել է ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների բացառումը Փարիզում ՀՀ դեսպանատան բացման միջոցառումից

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) Ազգային բյուրոն իր վճռական անհամաձայնությունն է հայտնում Հայաստանի կառավարության որոշմանը՝ Փարիզում Հայաստանի նոր դեսպանատան բացման արարողությունից Ֆրանսիայի հայ համայնքը ներկայացնող մի քանի ականավոր գործիչների բացառելու վերաբերյալ։

CCAF-ի հայտարարության մեջ նշվում է, որ մասնակիցների ցուցակից դուրս են մնացել. CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը:

«Այս որոշումը մեզ համար ցավալի սխալ է թվում։ Այն պետք է հենց այդպես էլ կոչել։ Դեսպանատունը ներկայացնում է հայկական պետությունը և, ավելին, ողջ հայ ժողովրդին՝ իր ողջ բազմազանությամբ։ Այն ողջ ազգի ընդհանուր տունն է, մի վայր, որտեղ Հայաստանն իրեն ներկայացնում է ամբողջությամբ, բազմազանությամբ և արժանապատվությամբ՝ դուրս լինելով վայրկյանական տարաձայնությունների և կուսակցական հաշվարկների շրջանակից։ Սահմանափակելով Ֆրանսիայի հայ սփյուռքի ճանաչված ներկայացուցիչների մուտքը՝ Հայաստանի կառավարությունը միասնության իր առաքելությունից օտարացման տպավորություն է ստեղծում։ Այս գործողությունները լիովին հիմնավորված թյուրիմացություն են առաջացրել», — ասված է սփյուռքյան կառույցի հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի բացառումը միջոցառումից, ում անուններն անխզելիորեն կապված են հայ ժողովրդի հիշողության, ճանաչման և արժանապատվության համար տասնամյակների պայքարի հետ, ցույց է տալիս մի մոտեցում, որը, CCAF-ի տեսանկյունից, նսեմացնում է Սփյուռքի նշանակությունը:

«CCAF-ը խմբակցություն չէ. այն Ֆրանսիայի հայերի հիմնական ներկայացուցչական մարմիններից մեկն է: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդների հեռացումը ռիսկ է ստեղծում օտարել կազմակերպված Սփյուռքի զգալի մասին: Գրիգոր արքեպիսկոպոս Խաչատրյանի բացառումը միջոցառումից հղի է Հայ Առաքելական Եկեղեցուն ուղղված խորը վիրավորանքով՝ այդ դարավոր հաստատությանը, որը վերապրել է զանգվածային սպանություններ, ցեղասպանություն և տարագրություն, և որն այսօր էլ մնում է մեր ժողովրդի կարևոր հոգևոր փարոսը: Հիշեցնում ենք, որ 1995 թվականից ի վեր Եկեղեցին առատաձեռնորեն դեսպանատանն է տրամադրել ներկայիս շենքը», – նշել են CCAF-ում:

Դրա հետ մեկտեղ շեշտվում է, որ Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի անվան բացառումը բացասական ազդակ է հաղորդում ֆրանսիական քաղաքական ասպարեզում իրենց բնօրրանից վտարված, գաղթի ճամփան բռնած և ամեն ինչից զրկված 120,000 հայերի իրավունքների պաշտպանության հարցում: «Այն ժամանակ, երբ Արցախի հարցը մնում է չսպիացող վերք համայն հայության գիտակցության մեջ, այս ժեստը ստանում է հատկապես լուրջ հնչեղություն: Այն պարզաբանման կարիք ունի: Պատմությունը կհիշի, որ ապրիլի 27-ի երեկոյան՝ Փարիզում իր նոր դեսպանատան բացման օրը, հայկական կառավարությունը, կարծես, բացառման տրամաբանությունը վեր դասեց միասնության ոգուց, ինչը կարող է միայն խորը հիասթափություն առաջացնել: Այդպես պետությունը չի հզորանում: Մենք հույս ունենք, որ այս իրավիճակը կարող է պարզաբանվել երկխոսության միջոցով», – եզրափակել են CCAF-ում:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը ապրիլի 27-28-ը Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում կմասնակցի Փարիզում Հայաստանի դեսպանատան բացման արարողությանը։

Արմինֆո