Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները շրջադարձային են լինելու Արցախի ժողովրդի համար: «Եթե օրվա իշխանությունները վերարտադրվեն, ապա ամբողջությամբ փակվելու է Արցախի հարցը»,- ասաց նա: Այս համատեքստում Իսկանդարյանն անդրադարձավ նաև մայիսի 22-ին Երևանում Արցախի ներկայացուցչության հարցով նախատեսված դատական նիստին, որի ընթացքում, ինչպես սպասվում է, «փորձելու են խլել ներկայացուցչության շենքը»:
ՈՒՂԻՂՆ ԱՍԵՆՔ, «ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՓԱԿՄԱՆ» ՍԱԴՐԻՉ ԵՎ ՇԱՀԱՐԿԱՅԻՆ ԹԵՄԱՅԻՆ մենք անդրադարձել ենք բազմիցս, մասնավորապես նշելով, որ ոչ մի կազմակերպություն, պետական կառույց կամ պաշտոնատար անձ չունի նման լիազորություններ, եթե դրանք ամրագրված չեն ժողովրդի համապատասխան կամարտահայտությամբ։ Այդ տեսանկյունից ցուցանշական են Արցախի նախկին պետնախարար և նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի խոսքերը. «Արցախյան շարժումը չի կարող փակվել, քանի դեռ Արցախի ժողովուրդն ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը գոյություն ունեն»:
Եվ իսկապես, ո՞վ և ինչպե՞ս կարող է «փակել» մի ամբողջ ժողովրդի կողմից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և համամարդկային նորմերին համապատասխան իրականացվող շարժումը հանուն իր վաղնջական իրավունքների, մի ամբողջ ժողովրդի համար գոյաբանական հարցը։ Կարելի է, իհարկե, դավաճանել այդ շարժմանը (ինչպես վարվեց ՀՀ գործող ռազմաքաղաքական ռեժիմը), փորձել ուժով ճնշել (ինչպես դա արեց Բաքվի օկուպացիոն ռեժիմը), ուրանալ այն (ինչպես արեց հայ հասարակության անգիտակից, անձնապաստան տրամադրված հատվածը) և, վերջապես, զավթել Արցախի ներկայացուցչության շենքը (ինչպես փորձում են անել իշխանավորները), բայց քանի դեռ իրենք՝ արցախցիները, ժողովրդի հիմնական և գիտակից զանգվածը, հայ հասարակության առողջ, առաջադեմ հատվածը մտադիր չեն հրաժարվել ազգի լավագույն ներկայացուցիչների սրբազան արյունով ցողված ընդհանուր ձգտումից ու բաղձալի նպատակից, հարցը չի կարող փակվել։
Տվյալ դիրքորոշումը բազմիցս հաստատել են ժողովրդի ընտրյալները՝ Արցախի Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը՝ «Ազատ Հայրենիքը», «Միասնական Հայրենիքը, «Արդարությունը», ՀՅԴ-ն, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», ընդ որում նշելով, որ «շարունակելու են հետևողական քաղաքական ուղեգիծ վարել՝ հայրենի բնակավայրեր Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ուղղությամբ»:
Հիշեցնենք նաև Արցախ պետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում «Արցախի կանչը» հուշակոթողի բացման ժամանակ. «Արցախցին իրավունք ունի վերադառնալու իր Հայրենիք, իր տուն, իր գերեզմանների մոտ, իր սրբությունների մոտ։ Դա մեզ համար փակ թեմա չէ։ Դա քննարկումների հարց է, և պետք է այս հարցի շուրջ ստեղծվի հնարավորություն բանակցություններ իրականացնելու համար»։
Իհարկե, ԼՂՀ ժողովրդի ընտրյալների և բարձրաստիճան պաշտոնյաների վստահ հայտարարությունները հենվում են հասարակ արցախցիների վճռականության վրա, որոնք բազմիցս նշել են հայաստանյան հանրահավաքներում և մասնավոր զրույցներում, որ «ժամանակավորապես զրկվել են իրենց Հայրենիքից, բայց չպետք է կորցնեն իրենց ինքնությունն ու միասնությունը», որ «արցախցին չի լքելու Հայաստանը, ապրելու է այստեղ ու պայքարելու իր իրավունքների համար, և այստեղից վերադառնալու է Արցախ» և այլն:
«Արցախի հարցի» առնչությամբ կրկին ու կրկին հարկ է լինում ընդգծել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ է, այլ մարդու իրավունքների և ազատությունների ապահովման խնդիր՝ հիմնված միջազգային հիմնարար նորմերի, Արցախի ժողովրդի ինքնորոշման բուն իրավունքի վրա։ Ուստի, կրկնենք, ամենաբարձր պաշտոնյայի ստորագրած ոչ մի «փաստաթուղթ» չի կարող լուծարել այն պետությունը, որը ստեղծել է ժողովուրդը հանրաքվեի միջոցով՝ անկախության ավելի քան երեսուն տարիների ընթացքում բազմիցս հաստատելով ազատ և ինքնուրույն ապրելու իր կամքն ու վճռականությունը երկրի նախագահի և խորհրդարանի համապետական ընտրություններում:
ԵՎ ԱՅՍ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ ԾԱՅՐԱՍԻՆՃԱՆ ԱՄՈԹԱԼԻ Է, որ Արցախի հանձնումն Ադրբեջանին և հազարամյա երկրամասի հայաթափումը հարյուրամյա արհեստական պետգոյացության կողմից Հայաստանի գործող վարչապետը ներկայացնում է իբրև խաղաղության գրավական և ազգը արհավիրքից փրկելու միջոց, ընդ որում չնկատելով երկրամասի դարավոր քրիստոնեական մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը, ժողովրդի առաջնորդների ապօրինի ազատազրկումը և թշնամու այլ աղաղակող ռազմական հանցագործություններն ու ցեղասպան գործողությունները։
Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդներն ու այս մոլորակի վրա ապրող ցանկացած մարդ՝ արցախցիներն էլ իրավունք ունեն ունենալու Հայրենիք, իրենց տունը, իրենց սրբավայրերը և, վերջապես, իրենց շիրիմները: Իսկ իրական, կայուն խաղաղություն տարածաշրջանում անհնար է առանց ղարաբաղյան հակամարտության առանցքային խնդիրների արդարացի և արդյունավետ լուծման, որը ժամանակակից աշխարհի էթնո-իրավական հակամարտությունների յուրօրինակ մոդելն է: Առանց դրա ցանկացած «խաղաղ համաձայնագիր» կամ պայմանավորվածություն լոկ պատրանք է, ավելին՝ ռազմական նոր ահագնացման իրական աղբյուր։
Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ մի խումբ դավաճանների իշխանության հնարավոր վերարտադրությունը չի նշանակում Արցախի հարցի մեխանիկական «փակում»։ Ինչպես մեզ տված հարցազրույցներից մեկում ընդգծեց «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանը, արցախցիները «շարունակելու են պայքարն իրենց իրավունքների համար՝ պատմական Հայրենիք վերադառնալու հավատով ու հույսով»: Ընդ որում նա հավելեց. «Արցախի ժողովրդի իրավունքների հարգման օրինակով աշխարհը պետք է վերականգնի արդարությունը միջազգային ողջ հանրության մասշտաբով. այն առումով, որ յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրելու իր հայրենիքում։ Իսկ եթե խախտվի արցախցիների այս հիմնարար իրավունքը, ապա դա վտանգավոր նախադեպ կդառնա այլ ժողովուրդների համար և կարձանագրվի ողջ աշխարհում՝ խարխլելով միջազգային իրավունքի և քաղաքակիրթ համամարդկային համակեցության հիմքերը»։
Ազատ Արցախը, որպես ինքնորոշման հիմնարար իրավունքի իրացման անբասիր գործընթացի արգասիք, ստեղծվել է համաժողովրդական շարժման պայմաններում և գործել ավելի քան երեսուն տարի՝ բռնապետական Ադրբեջանի և նրա հովանավորների դեմ հերոսական պայքարի պայմաններում։ Չի կարելի թույլ տալ, որ ժողովրդի ապագան անողնաշար կառավարիչների կողմից զոհաբերվի այսրոպեական քաղաքական կոնյունկտուրային։
Լինելու է, թե՞ չի լինելու Արցախը։ Համայն հայության համար գոյաբանական այս հարցը չպետք է կախված լինի իշխանության ղեկին կանգնած դավաճանների կույտի վերարտադրությունից (խաղաղարարի պարեգոտ հագած դարավոր թշնամիների բացահայտ աջակցությամբ)։ Արցախի ինքնորոշման և գոյության հարցը պետք է մշտապես բաց պահել, որպեսզի հայ ժողովրդի ապագա սերունդների մեջ չսպանվի հավատը ավելի լավ, արժանապատիվ ապագայի նկատմամբ:
Արցախն, անշուշտ, պատկանում է ողջ հայ ժողովրդին և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն կրկին դառնա ազգային հպարտության և համախմբման խորհրդանիշ, Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության՝ մեր ազգի լուսավոր ապագայի գրավականի հիմք:
