26 երկիր պարտավորվել է զինադադարից հետո զսպման ուժեր տեղակայել Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Այսօր 26 երկիր պաշտոնապես պարտավորվել է (ևս մի քանի երկիր շարունակում են քննարկումները) անվտանգության ապահովման համար զորքեր տեղակայել Ուկրաինայում կամ ունենալ ցամաքային, օդային և ծովային ներկայություն՝ հրադադարից կամ խաղաղության հաստատումից անմիջապես հետո ապահովելու ուկրաինական տարածքների և Ուկրաինայի անվտանգությունը»,-ասել է նա Փարիզում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Մակրոնը նաև հայտարարել է, որ կոալիցիան առաջիկա օրերին կհամաձայնեցնի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում ԱՄՆ-ի մասնակցությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցվել է ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի բացակայության դեպքում լրացուցիչ պատժամիջոցներ ընդունելու մասին որոշումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը հյուրընկալել է Վլադիմիր Զելենսկուն և եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներին: Հանդիպման ժամանակ Թրամփը ասել է, որ անվտանգության երաշխիքները, որոնք կարող է ստանալ Կիևը անհամեմատելի են ՆԱՏՕ-ում գոյություն ունեցող երաշխիքների հետ: Նա հավելել է, որ իր նախագահության ընթացքում Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի։ «Bloomberg» գործակալությունը փոխանցել է, որ Կիևի ռեժիմի համար Եվրոպայի անվտանգության երաշխիքները հիմնված կլինեն «Կամավորների կոալիցիայի» վրա, որը կարող է ներառել բազմազգ ուժեր:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի տեղակայման ցանկացած սցենար կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար և հղի է իրավիճակի կտրուկ սրացմամբ: Ուկրաինայում դաշինքի անդամ պետություններից զորախումբ տեղակայելու հնարավորության մասին հայտարարությունները, որոնք հնչում են Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի այլ երկրներում, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն անվանել է ռազմական գործողությունների շարունակման հրահրում:
Sputnik Արմենիա