ՇՈՒՇԻ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԿԻՐԱՆՑԻՑ
Կրկին եկավ այդ օրը՝ մայիսի 8-ը։ Օր, երբ իրականացվեց «Հարսանիք լեռներում» եզակի ռազմական գործողությունը: Օր, որը նախկինում մեզ համար առանձնահատուկ, Շուշին մեզ վերադարձրած տոն էր, որ լցնում էր մեր սիրտը հպարտությամբ, ցնծությամբ, անասելի երջանկությամբ: Կրկին եկավ օրը, որն արդեն չորրորդ անգամ լի է դառնությամբ, ահռելի, պատմական մասշտաբի կորստի զգացումով և սիրելի քաղաքի նկատմամբ անտանելի կարոտով: Աղետի վշտով, որը կուղեկցի մեզ մշտապես, քանի դեռ չենք վերադարձել 1992 թվականի մայիսի 8-9 և կրկին կատարված չենք զգացել պատմական առաքելությունը՝ Շուշիի ազատագրումը: