Логотип

Վարդան Ղուկասյան․ Ում հետևից ժողովուրդ է գնում, պետության կողմից անպայման թիրախավորվում է

Բա դեմոկրատիա է, բոլորը պետք է լինեն ՔՊ–ակա՞ն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16–ին, Հակակոռուպցիոն ատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը քննադատում է կառավարությանը։

«Ամբողջ աշխարհում էլ այդպես է, կա իշխանություն և ընդդիմություն, ժողովուրդն ում ընտրում է, ըստ այդմ պետք է առաջնորդվեն։ Դոգմա է, որ բոլորը պետք է ՔՊ լինե՞ն։ Դեմոկրատիան այսպես է»,–ասաց նա։

Անդրադառնալով իր և իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործերին, նա նշեց. «Ես աշխարհում չեմ տեսել մի երկիր, որտեղ իշխանությունն այսքան հոգս պատճառի իր ժողովրդին։ Զարմանում եմ, թե ինչն է պատճառը, որ ժողովրդի վրա այսքան գործեր են հարուցում։ Բոլոր նախկին քաղաքապետների 99 տոկոսը դատվում է։ Առողջ ուժը երկրում քարկոծվում է, պիտակներ են կպցնում։ Ում հետևից ժողովուրդ է գնում, պետության կողմից անպայման թիրախավորվում է։

Ես հասկանում եմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ասում էր՝ այս տարածաշրջանում պետք է ապրի մեկ մլն բնակչություն և դրանից հետո ով եկավ, նպաստեցին, որ Հայաստանում բնակչության թիվը նվազի, ոչ թե բարձրանա։ Հավանական է, որ դա դրսի ուժերն են անում։

Այսօր եթե գնաք հովիվին հարցնեք՝ հայ ժողովրդին ինչ է պետք, կասեն՝ հայ ժողովրդին պետք է զենք, պետք է ռազմական արդյունաբերություն։ Հայաստանում փամփուշտ էլ չեն արտադրում։ Ուրեմն մենք այնքան հետամնաց ենք, որ փամփուշտ էլ չենք կարողանում արտադրել։ 1941–ին Հայաստանում արտադրել են 110 տեսակի զենք, զինամթերք։ Պատերազմի շեմին կանգնած երկիրը զենք չի արտադրում այսօր։

Զարմանում եմ, որ 30 տարի բոլորն ասում են՝ պետք է աշխատատեղերի ստեղծում, գործարաններ։ Այո, երկիրը պահում են գործարաններով և գյուղատնտեսությամբ։ Այսօր երկրի վարելահողերի 60 տոկոսը չի վարվում»։

News.am