Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը iDnes.cz-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կիրակի օրը Հայաստանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Բանակցությունների թեման չի հստակեցվում։ Նշվում է միայն, որ Բաբիշը Զելենսկու հետ անձամբ կհանդիպի առաջին անգամ՝ Չեխիայի ներկայիս կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։
«Այստեղ ես նաև կանցկացնեմ կարճ երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ նաև բանակցություններ կվարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ», – Հայաստանի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հանդիպումների մասին պատմել է Բաբիշը։
«Կարևոր է, որ մենք հանդիպենք», – ասել է Բաբիշը՝ խոսելով Զելենսկու հետ հանդիպման մասին։
Միաժամանակ նա նշել է, որ մտադիր չէ մեկնել Կիև, սակայն ապագայում կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ Լեհաստանում՝ մի համաժողովի ընթացքում, որի թեման, ենթադրաբար, կլինի Կիևին օգնություն ցուցաբերելը, հաղորդում է «Европейская правда»-ն։
Մայիսի 3-ին Չեխիայի վարչապետը կայցելի Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու, որի ընթացքում կքննարկվեն էներգետիկ և տնտեսական անվտանգության, ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակի և Եվրոպայում կայունության ամրապնդման հարցերը։
News.am
