Логотип

Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետ

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպում է ունեցել NVIDIA ընկերության Global AI Infrastructure Growth փոխնախագահ Նիկո Կապրեզի, ինչպես նաև Firebird AI-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի և Ալեքսանդր Եսայանի հետ։

Քննարկումների ընթացքում կողմերը ուսումնասիրել են համագործակցության հնարավորությունները արհեստական բանականության ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման ոլորտներում։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Ղազախստանում քննարկվել է շուրջ 250 մեգավատ հզորությամբ գերհամակարգչային կենտրոն ստեղծելու հնարավորությունը։

Տոկաևը նշել է, որ Ղազախստանը նպատակ ունի առաջիկա երեք տարում դառնալ լիովին թվայնացված երկիր։ Նրա խոսքով՝ NVIDIA տեխնոլոգիաների վրա հիմնված սուպերհամակարգչային կլաստերների գործարկումը կարևոր քայլ է այդ նպատակի իրականացման և երկրի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ։

Նա նաև անդրադարձել է Էկիբաստուզ քաղաքում նախատեսվող «Data Center Valley» ռազմավարական նախագծին, որի նպատակն է ստեղծել հզոր հաշվարկային ենթակառուցվածք՝ մատչելի էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության և հարկային արտոնությունների պայմաններում ներդրողների համար։

NVIDIA-ի և Firebird AI-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, ներկայացրել են Հայաստանում իրականացվող նմանատիպ նախագծի մասին տեղեկատվություն։

Հանդիպման ավարտին կողմերը համաձայնել են ուսումնասիրել արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

News.am