Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն, քանի որ հիմա բոլոր որոշումները Հայաստանի մասին կայացվում են Ադրբեջանում, որովհետև Փաշինյանը ամեն ինչ արեց, որ թշնամացնի հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, ինչը մենք շատ արագ պետք է վերականգնենք։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։
«Մենք պետք է ունենանք շատ բարեկամական հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Անգլիայի հետ, Ֆրանսիայի, Չինաստանի հետ, ինչպես նաև մեր բարեկամ Ռուսաստանի հետ, միայն այդպես մենք կարող ենք լուրջ երաշխավորություններ ապահովել գերտերությունից»,– ասել է նա
Դիտարկմանը, թե այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականության արդյունքում 300000 ադրբեջանցի է բերելու Հայաստան, արձագանքել է, որ չի քննարկվում հարց արցախցիների վերադարձը Արցախ և չի քննարկվում հարց 300000 ադրբեջանցիների գալը Հայաստան, Կարապետյանը պատասխանել է. «Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում։ Ադրբեջանի նախագահն անում է հայտարարություն, փոքրիկ խմբակը իր ղեկավարի հետ վազելով կատարում են այդ հայտարարությունները։ Դրա համար ես վստահ եմ, որ իրենց հետ քննարկող չկա, բայց մենք այդ ամենը կանգնեցնելու ենք, մենք ստեղծելու ենք 300000 աշխատատեղ հայերի համար։ Դուք վստահ եղեք, եթե Ալիևին և Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերաբնակեցնել 300 հազար ադրբեջանցու Հայաստանում, հաջորդելու են քայլեր, գնելու են հողեր, կառուցելու են գործարաններ, որտեղ աշխատելու են ադրբեջանցիներ»։
Կարապետյանն արձագանքել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն է Հայաստանի երաշխավորը։
«Ադրբեջանը ամենաշատը Հայաստանում կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը։ Հայաստանի երաշխավորը լինելու է Հայաստանի ուժեղ բանակը, Հայաստանի ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները և տարածաշրջանային շահեր ունեցող երկրները»։
News.am
