Логотип

Աֆեյանը բանակցում է ԱՄՆ պաշտոնյաների հետ Վարդանյանին ազատելու հարցով

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը շարունակում է բանակցություններն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Բաքվում պատանդ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու նպատակով, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը:

Համաձայն օրաթերթի տեղեկությունների՝ գործարարն այս հարցը քննարկում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի, ինչպես նաև Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդիի հետ:

Աֆեյանը փորձում է համոզել ամերիկացի գործիչներին ուղղակիորեն դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են պաշտոնական դիմում կամ լիազորագիր փոխանցել ԱՄՆ վարչակազմին՝ գերիների հարցով զբաղվելու համար:

Միևնույն ժամանակ՝ թերթը նշում է, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ՝ հնարավոր է որոշ գերիների վերադարձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցելու նպատակով, սակայն այդ գործընթացը չի առնչվելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է մնալ 19 հայ գերի։ 2025-ի սեպտեմբերից՝ ադրբեջանական իշխանությունների որոշմամբ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո, որևէ միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին:

2025 թվականի հունվարին Բաքվում մեկնարկել էին Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահների և հինգ այլ ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ «դատական գործընթացները»։

Արցախի նախկին պետնախարարը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Արցախի մյուս նախկին ղեկավարները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։

Armenia Today