Логотип

ԵՐԵՔ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆ ՉԻ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԱՅՍՉԱՓ ՇԻԿԱՑԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Թվում էր, թե համապետական ընտրություններում հաղթելուց հետո Փաշինյանի կուսակցությունը պիտի մեծահոգություն ցուցաբերեր ընդդիմության նկատմամբ, սակայն 3 տարի առաջ օգոստոսի 24-25-ին խորհրդարանական նոր մեծամասնությունը 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը սկսեց փոքրամասնության պատգամավորների ցուցադրական ծեծով։

3 տարի առաջ այս օրերին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգարի հայրը՝ Գեղամ Նազարյանը մանրամասն նկարագրեց առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի չափազանց դաժան պահվածքը: Նազարյանը գրեց, որ բժիշկը գործել է «թալիբի էնտուզիազմով»։ Զոհված Աբգարի հայրը հիշեցրեց, որ Թորոսյանը ազատվել է բանակում ծառայությունից առողջական վիճակի պատճառով, սակայն ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու գործում գերազանց ուժ է ցուցաբերել. «հարվածում էր ձեռքերով ու ոտքերով»: Այդ ծեծկռտուքի հետևանքով Նազարյանն աչքի վնասվածք էր ստացել։

Այսպիսին էր սկիզբը, իսկ 2024-ի ամռան ավարտին արցունքաբեր գազի շիթով վնասվածքներ պատճառեցին ծնունդով արցախցի Արամ Երիցյանին։ Ոստիկանը շիթն ուղղել է մայթին անօգնական պառկած երիտասարդի հենց աչքին։ Տեսանյութը ցուցադրվեց ընդդիմադիր բոլոր հեռուստաալիքներով, սակայն վերադառնանք ակունքներին՝ չմոռանալով հիշեցնել, որ Արամի մեղքը անձնական մեքենան սխալ տեղում կայանելն էր, և նա դիմադրություն ցույց չի տվել ոստիկաններին: 2021 թվականի օգոստոսից հետո լիագումար նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների ծեծը կրել է մշտական բնույթ. դահլիճից դուրս, խորհրդարանի շենքում ՔՊ խմբակցության պատգամավորների հրահրմամբ ծեծի են ենթարկվել ՀՅԴ անդամ պատգամավորների օգնականները:

Առաջին և հաջորդ ծեծկռտուքներում աչքի է ընկել պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա հմուտ է ոչ միայն ձեռնամարտում, այլև հայհոյանքի մասով։ Այն բանից հետո, երբ Ալեքսանյանը խորհրդարանի ամբիոնից լրագրողներին անվանեց «վերբալ մարմնավաճառներ», լրատվամիջոցներում հայտնվեց 2013-ին նրա արած գրառումը, երբ դեռ սպասարկում էր Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի շահերը։ 2013-ին Ալեքսանյանը նույնպիսի մեղադրանք էր հասցեագրել ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Կարող ա արդեն սկսել ես ուրիշ պատվերներ էլ ստանալ, բայց դե ոնց ասում են մի անգամ մարնավաճառը հավերժ ա մարմնավաճառ՝ որպես թևավոր խոսք»,- գրել էր Ալեքսանյանը: Այսօր երկուսն էլ Փաշինյանի շքախմբում են, իսկ խոսնակ Սիմոնյանը պատմության մեջ մեկընդմիշտ ամրագրել է յուր տեղը՝ իրեն դավաճան անվանած հայրենակցի դեմքին թքելով։ Հաշվեհարդարի ժամանակ տուժող Կարեն Մկրտչյանի թևերից բռնած պահել են խոսնակի թիկնապահները, որպեսզի չվրիպի։

2021 թվականի հունիսի 20-ի քվեարկությունից հաշված օրեր առաջ ռեժիմի պարագլուխը խոստացավ չագուճով ջարդել իր քաղաքական հակառակորդների գլուխը։ 3 տարի առաջ այս օրերին ՔՊ խմբակցությունում ձևավորվեց հանցախումբ՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռունցքներով հաշվեհարդար տեսնելու համար, և բազմիցս դրսևորեց իրեն գործով: Բացի Թորոսյանից ու Ալեքսանյանից, դրանում ընդգրկվեցին նաև Հայկ Սարգսյանը («Շիշ բռնողը»), ռեժիմի պարագլխի աներորդի (Աննա Հակոբյանի եղբայր) Հրաչյա Հակոբյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայր Վահեն և այլք։ Խորհրդարանի պատերից դուրս պատժարարների դերը վերապահվեց մորեգույն ու սև բերետավորներին։ Դե, իսկ «պարեկ» բառը երկրի քաղաքացիների համար վաղուց դարձել է կամայականության ու բռնության հոմանիշ։

Խորհրդարանական նոր նստաշրջանի նախաշեմին, որը ժամանակային առումով կհամընկնի «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ակցիաների երկրորդ փուլի հետ, ճիշտ ժամանակն է հիշեցնել, որ հասարակության մեջ տիրող մթնոլորտը հագեցած է բռնությամբ, այստեղից էլ՝ հանցավորության աննախադեպ աճը։ Թեժ քաղաքական աշնան ընթացքում ակցիաների մասնակիցների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար արդեն մոբիլիզացված են ԱԱԾ հատուկ ջոկատայիններն ու ոստիկանության հատուկ ստորաբաժանումների պատժիչ ջոկատները: Կյանքի նորմ է դարձել, որ պարեկները կարող են կանգնեցնել ցանկացած մեքենա, ծեծել վարորդին և բերման ենթարկել առանց որևէ հիմնավորման: Փաշինյանը ենթարկել է ուժային բոլոր կառույցներին առաջիկա (արտահերթ կամ հերթական) խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի վերարտադրման խնդրին։

Իշխանության գագաթին ՔՊ-ի վերարտադրության բոլոր խոչընդոտները ենթակա են վերացման ցանկացած եղանակով։ Նպատակն արդարացնում է միջոցները, դեպի իր նպատակ դիակների վրայով գնալու Փաշինյանի պատրաստակամությունը ցույց տվեց հունիսի 12-ին «Տավուշը հանուն Հայրենիքի»շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ հաշվեհարդարը։ Այդ օրը խորհրդարանի շենքի մոտ ակտիվիստներին հրաշքով է հաջողվել խուսափել մահից՝ ծեծուջարդի (նրանց դաժան ծեծի են ենթարկել ոստիկանական վահանների հետևում) և արգելված «Զարյա-3» լուսաձայնային նռնակների օգտագործման արդյունքում, որոնք նետում էին ակցիայի մասնակիցների հենց կուտակումների վրա: Այն փաստը, որ նռնակների կիրառումը հետին թվով օրինականացվեց առողջապահության և ՆԳ նախարարների կողմից, հավասարազոր է պաշտոնեական հանցագործության

Փաշինյանը Մոսկվայի գործակալների պիտակ փակցրեց ընդդիմությանը, և դա արձակեց նրա ձեռքերն ամեն տեսակի ապօրինությունների համար։ Եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունները համառորեն աչք են փակում այն փաստի վրա, որ «ժողովրդավարության բաստիոնի» ցուցանակի տակ՝ Հայաստանում արմատավորվում է վախի մթնոլորտ, ողջ թափով ընթանում են քաղաքական բռնաճնշումներ, մարդիկ համատարած ենթարկվում են բռնության և քրեական հետապնդումների՝ մտացածին մեղադրանքներով, իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բացահայտ խոսելու լոկ փորձի համար։ Ռեժիմի պարագլուխը համառորեն ձգում է պտուտակները, մինչ քաղաքական թեժ աշնան սկսվելը բազմաթիվ ակտիվիստներ հայտնվել են կալանքի տակ, այդ թվում՝ տնային։ Ձերբակալությունները շարունակվում են, իսկ ռեժիմին հնազանդ դատավորները բավարարում են ՔԿ-ի և ԱԱԾ-ի միջնորդությունները։

Օտարերկրյա խորհրդականն արդեն օրինականորեն բնակռել է ՊՆ-ում, իսկ ոստիկանության «բարեփոխումը» շարունակվում է ԱՄՆ ոստիկանության գաղտնի հրահանգներով։ ԶԼՄ-ներին պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ հայ ոստիկանների գործողություններում դաժանության բարձր աստիճանը պայմանավորված է այն խորհուրդներով, որ նրանց տալիս են ամերիկյան ոստիկանները։ Այդ խորհուրդները հիմնված են ամերիկյան նահանգների բնակիչների դեմ պայքարի փորձի վրա, որտեղ հանցավորության գույնը ավանդաբար սև է: Հայտնի են օրինակներ, երբ ուժի անիրավաչափ կիրառումը հանգեցրել է սևամորթ դեռահասների մահվան, ինչի հետևանքով Նահանգների սևամորթ բնակչությունը դուրս է եկել փողոցներ և ավերել ոստիկանական բաժանմունքները, հընթացս էլ՝ սպիտակամորթների տները։ Ամերիկյան հատուկ ծառայությունները պարբերաբար տեղեկացնում են Փաշինյանին ներքին սպառնալիքների և կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտության մասին։ Այդ լոկ թվում է, թե Հայաստանի ապագայի հարցերը լուծվում են նրա սահմաններից դուրս. իրականում ամենահետաքրքիրն այսօր եփվում է ներքաղաքական կաթսաներում։ Խոսքը գործընթացների մասին է, որոնք հաճախ այնքան էլ նկատելի չեն սովորական աչքի համար

Ընդդիմությանը հաճախ արժանիորեն մեղադրում են նրանում, որ ամեն տարի պատրաստվում է քաղաքական թեժ աշնան, իսկ աշնանը պարզվում է, որ ծրագրերը ձախողված են, և այդժամ ընդդիմությունն ազդարարում է քաղաքական թեժ գարնան նախապատրաստություն: Փաշինյանը, ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ, տեղեկացված է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարող է ցանկացած օր Հանրապետության հրապարակում հավաքել հերթական բազմահազարանոց հանրահավաքը։ Իշխող վերնաշերտը նույնպես պատրաստվում է քաղաքական թեժ աշնան, նախապատրաստման արդյունքն ակնհայտ է. անցած երեք տասնամյակների ընթացքում ոչ մի քաղաքական աշուն չի մեկնարկել ոստիկանական տեռորի և բռնաճնշումների այսչափ շիկացած մթնոլորտում:

Թաքնված դժգոհությունն ամեն պահի կարող է դուրս պոռթկալ, այսօր մի կայծն էլ բավական է, որ մեծ ու փոքր համայնքների փողոցներ դուրս գան բոլորը՝ ահել ու ջահել: Զանգվածների պատրաստակամությունն ակնհայտ է, ուստի հարց. որքանո՞վ ընդդիմությանը կհաջողվի կուտակել հանրային տրամադրությունները և մահաբեր ռեժիմից ազատվելու քաղաքացիների 70-80%-ի վճռականությունը: Եթե ընդդիմությունը չդրսևորի այս իրավիճակում անհրաժեշտ հատկանիշները՝ մնալով խորհրդարանական հարմարավետության գոտում, ապա առաջիկա խորհրդարանական ընտրություններում դժվար թե կարողանա հավակնել ընդդիմադիր տրամադրված ընտրողների ձայներին