Հունվարի 21-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի հայցը և պարտավորեցրեց քաղաքագետ, եվրոպամետ «Հանրապետություն» կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանին ներողություն խնդրել նրանից վիրավորական արտահայտությունների համար: Այս մասին հայտնեց փաստաբան Վարդան Ալոյանը։
ՆՐԱ ԽՈՍՔԵՐՈՎ՝ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է, որ Facebook սոցցանցում Հարություն Մկրտչյանի արած գրառման մեջ տեղ են գտել վիրավորանք բովանդակող արտահայտություններ, որոնց համար վերջինս պետք է ներողություն խնդրի:
Մինչդեռ սա գործարարի և բարերարի փաստաբանների կողմից տարբեր անձանց դեմ ներկայացված միակ քաղաքացիական հայցը չէ ՝ ներողություն խնդրելու, նրան արատավորող տեղեկությունները հերքելու, ինչպես նաև հասցված բարոյական վնասի դիմաց օրենքով սահմանված այս կամ այն գումարի փոխհատուցում բռնագանձելու պահանջով։ Այսօրվա դրությամբ հայցերի շարունակական աճող թիվը հասել է 20-ի։
Պատասխանողների թվում անվերապահ առաջատարը, թերևս, բլոգեր Ռոման Բաղդասարյանն է, որն ակտիվորեն աջակցում է գործող իշխանությանը և, ըստ էության, կառավարական քարոզչամեքենայի մասն է: Օրերս Սամվել Կարապետյանը արդեն հինգերորդ հայցն է ներկայացրել նրա դեմ։
Այս անգամ գործարարը կրկին պահանջում է պարտադրել Բաղդասարյանին դատական կարգով հերքել զրպարտանքն ու ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև որպես փոխհատուցում բռնագանձել բլոգերից 6 մլն դրամ: Հայցի պատճառը Բաղդասարյանի հայտարարություններն էին, թե իբր՝ գործարար Սամվել Կարապետյանը թալանել է պետական բյուջեն, ինչը, գործարարի պնդմամբ, սուտ է: Օրերս Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացված հայցն արդեն մտել է դատավոր Անի Կարաքեհյանի վարույթ: Առաջին դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:
Նշենք, որ Բաղդասարյանի դեմ նախորդ հայցերը գործարարի փաստաբանները ներկայացրել են հուլիս և օգոստոս ամիսներին: Դրանցից մեկը բովանդակում է հրապարակավ ներողություն խնդրելու և 3 մլն դրամի չափով փոխհատուցման պահանջ։ Գործը քննում է դատավոր Դանիել Մխեյանը: Նույն շարքի երկրորդ հայցը բովանդակում է 9 մլն դրամ բռնագանձելու պահանջ:
Նշենք, որ Սամվել Կարապետյանի հայցերով պատասխանողների թվում են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Արսեն Թորոսյանը, Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը, վարչապետի տեղակալ Տարոն Չախոյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, լրագրող Լուսինե Կեսոյանը: Հայցվորը նրանցից պահանջում է հերքել զրպարտանք համարված հայտարարությունները և ներողություն խնդրել վիրավորանքների համար: Առանձին հայց է ներկայացվել նաև ՔՊ կուսակցության դեմ։
Գործնականում յուրաքանչյուր հայցում բարձրացվում է բարոյական վնասի փոխհատուցման հարցը։ Որոշ հայցեր պարունակում են նաև դրանց կատարումն ապահովելու համար միջոցներ կիրառելու պահանջ: Այսպես, գործարարին «Լուբյանկայի» հետ կապերի մեջ ԱԺ ամբիոնից մեղադրած Արսեն Թորոսյանի գույքի վրա 9 մլն դրամի կալանք է դրվել։
Ինչ վերաբերում է պատգամավոր Հայկ Կոնջորյանի դեմ ներկայացված հայցին, ապա գործարարը անարգալից է համարել պատգամավորի հետևյալ արտահայտությունները. «Դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության էն մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք», «էսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման ա մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես՝ օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ և ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ: Բոլորը հավաքվել են էս վեղարի տակ որպես մարտագլխիկ, էդ մարտագլխիկով ուզում են կրակել պետության վրա: Եվ էրեկ էդ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը»։
Մնում է հավելել, որ դատելով գործարար Կարապետյանի դրսևորած սկզբունքային դիրքորոշումից, ինչպես նաև հաշվի առնելով այսօր հրապարակային անձանցից շատերին բնորոշ անչափավոր լեզուն, զրպարտության դեմ և ի պաշտպանություն պատվի ու արժանապատվության ներկայացված 20 հայցերով այս ամենն ակնհայտորեն չի սահմանափակվի:
