Արմավիրի մարզի դատարանը 2 ամսով երկարաձգեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր` Գևորգ Ներսիսյանի կալանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Բացահայտ անհիմն որոշում էր, որը հերթական ճնշման միջոցն է։ Այս ամենն այլ կերպ չի կարելի բնորոշել։ Գործով հիմնական վկան ցուցմունք է տվել դատարանում, որը նախաքննական ցուցմունքից տարբերվում է։ Նա նշել է, որ Գևորգ Ներսիսյանը որևիցե բացասական խոսք, որևիցե վեճի նյութ չի ասել, այսինքն՝ լրիվ այլ ցուցմունք է տվել»,– ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` գործով հիմնական վկան նաև ասել է, որ ինքն իր կամքով չի գնացել հաղորդում ներկայացնելու, իրեն ստիպել են դա անել։
«Այդքանից հետո էլի Արմավիրի մարզի դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանը հարմարեցրեց ամեն ինչ և որոշեց, որ պետք է 2 ամսով երկարաձգի առողջական խնդիր ունեցող 69 տարեկան կենսաթոշակառուի կալանքը»,– ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին դատարանը որոշեց 1 ամսով կալանավորել Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը): Ըստ քննչական մարմինների` նրանք 2025 թվականին Վաղարշապատ խոշորացված համայնքում խոչընդոտել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը։
