Логотип

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ-ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը` արձագանքելով տեր Պսակ քահանայի հայտարարությանը։

Հոգևորականն այսօր հայտնել էր, որ ռազմական ոստիկանության մեքենան առավոտից հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, և հավելել` ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։

«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թորոսյանը:

Նշենք, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությանը։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։ Ավելի ուշ Պապիկյանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի` 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։