Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ կոչ անելով այդ երկրին «անհապաղ դադարեցնել անընդունելի հարձակումները»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մակրոնը գրառում է կատարել X-ի իր էջում։
«Ես կոչ արեցի նրան անհապաղ դադարեցնել անընդունելի հարձակումները, որ Իրանն իրականացնում է տարածաշրջանի երկրների դեմ թե՛ ուղղակի, թե՛ միջնորդների միջոցով, ինչպես Լիբանանում և Իրաքում։ Ես նրան հիշեցրեցի, որ Ֆրանսիան միջամտում է խիստ պաշտպանական շրջանակներում՝ պաշտպանելու իր շահերը, իր տարածաշրջանային գործընկերների շահերը և ի նպաստ նավարկության ազատության, և որ անընդունելի է, որ մեր երկիրը թիրախավորվի»,- հեռախոսազրույցի մասին գրել է Մակրոնը։
Նա հայտարարել է, որ տեղի ունեցող իրադարձությունները քաոսի մեջ են գցում ամբողջ տարածաշրջանը, ինչը լուրջ հետևանքներ կունենա դեռ երկար տարիներ։
«Միայն նոր քաղաքական և անվտանգային շրջանակը կապահովի խաղաղություն և անվտանգություն բոլորի համար։ Նման շրջանակը պետք է երաշխավորի, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ անդրադառնալով նաև իրանական բալիստիկ ծրագրի սպառնալիքներին։
Նա նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունը պետք է վերականգնվի հնարավորինս շուտ։
Մակրոնը կոչ է արել նաև ազատ արձակել Իրանում ձերբակալված երկու ֆրանսիացիների, ովքեր մեղադրվում են Ֆրանսիայի ու Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեջ։
