Логотип

Փաստաբան․ Բաքվում պահվող հայ գերիները զրկված են որևէ ինստիտուցիոնալ պաշտպանությունից

Բաքվում պահվող հայ գերիները զրկված են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ X սոցցանցում այս մասին գրել է փաստաբան Լուսիանա Մինասյանը։

Նա նշել է, որ խորապես մտահոգված է Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում՝ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վիճակով։

Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված նախկին պետնախարարին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմանին։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչ փոխանցել Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևային։ Հեռախոսազանգը հարկադրաբար ընդհատվել է։

Փաստաբանը նշել է, որ դատավարությունների ավարտից մեկ ամիս անց Վարդանյանն ու մյուս հայ գերիները չեն ստացել իրենց դատավճիռների պաշտոնական տեքստերը ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն, ո՛չ էլ ադրբեջաներեն լեզուներով։ Նրանք մինչ օրս չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, և երբ ու որտեղ են իրենց տեղափոխելու։

«Նրա և մյուս հայ բանտարկյալների վիճակի մասին հավաստի տեղեկատվության բացակայությունը, զուգորդված Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության անկախ մեխանիզմների ապամոնտաժման հետ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր բանտարկյալներին թողնում է առանց որևէ նշանակալի ինստիտուցիոնալ պաշտպանության», – նշել է Մինասյանը։

Փաստաբանը շեշտել է, որ գերիների ընտանիքներն անորոշության և հուսահատության մեջ են՝ հույսը դնելով միայն հազվադեպ հեռախոսազանգերի վրա՝ որպես իրենց հարազատների հետ վերջին փխրուն կապ։

«Մենք մտավախություն ունենք, որ նույնիսկ շփման այս նվազագույն ձևը շուտով կարող է լիովին ընդհատվել», – գրել է Մինասյանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է թափանցիկություն և տեղեկատվության հասանելիություն ապահովել։ Բանտարկյալների իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը չի կարող անտեսվել։ 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստան վերադարձած բանտարկյալներից մի քանիսի պահման պայմանները սարսափելի են եղել։

Մինասյանը նշել է, որ Ադրբեջանը պետք է պահպանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագծում ներառված մարդասիրական դրույթները` ինչպես դա եղել է Իսրայելում պատանդների հետ կապված գործարքի առաջին փուլի ժամանակ, ինչպես նաև Ուկրաինայի վերաբերյալ առաջարկած 20–կետանոց նախագծում, որը չի ստորագրվել, բայց քննարկվել է։

Sputnik Արմենիա