Логотип

Թորոսյան․ Շուրջ 2300 արցախցի ընտանիք բնակարան է ձեռք բերել հավաստագրով

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հաստատվել է 5093 դիմում։ Այսօր «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Արդեն իրացվել է 2239 հավաստագիր, որոնց մեծ մասը միջինում 5 և ավելի անդամներ ունեցող ընտանիքների համար են։

«Մենք նաև արձանագրում ենք, որ սովորաբար մեծաթիվ ընտանիքի անդամ ունեցող ընտանիքներն են կարողանում ավելի հեշտությամբ իրացնել հավաստագրերը»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ հուլիսի 1-ից մեկնարկելու է նոր նախաձեռնություն, որն ուղղված է փոքրաթիվ անդամներ ունեցող, ինչպես նաև աշխատունակության հետ կապված խնդիրներ ունեցող ընտանիքներին (տարիք, ֆունկցիոնալության սահմանափակում- խմբ․), որոնց համար ավելի դժվար է իրացնել հավաստագիրը։

«Դա երկարաժամկետ վարձակալության ծրագիր է, առնվազն 10 տարի ժամկետով՝ 40 հազար դրամի չափով յուրաքանչյուր քաղաքացու համար, եթե նրանք կհրաժարվեն հավաստագիր վերցնելուց, միևնույն ժամանակ կգրանցվեն սոցիալական բնակարանների հերթացուցակում։ Եթե մենք ունենանք սոցիալական բնակարան, հենց այդ պահին կառաջարկենք, եթե չենք ունենա, կտանք այդ մասնակի փոխհատուցումը մինչև այն պահը, երբ կունենանք»,- տեղեկացրեց նախարարը։

Հավելեց՝ տեղյակ են բարձրացվող հիմնական խնդիրների մասին, օրինակ այն, որ տարբեր բնակավայրերում տուն ձեռքբերելու համար անհրաժեշտ գնային սանդղակը տարբեր է և տվյալ բնակավայրում բնակարան ձեռքբերելու ցանկությունը կապ ունի նաև զբաղվածության հնարավորությունների հետ։ Ուստի հիմա պետությունը փորձում է կապել զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերը։ Նախարարի խոսքով՝ արդեն նման մի ծրագիր գործարկվել է՝ ինքնազբաղվածության ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։

«Այն ներառում է ուսուցման, բիզնես ուղեկցման և կապիտալ ներդրման կոմպոնենտ, բայց միայն այն շահառուների համար, ովքեր բնակարանային ապահովման ծրագրի շահառու են, այսինքն՝ ստացել են հավաստագիր։ Եթե մարդը ստացել է հավաստագիր, բայց իրացնելու խնդիր ունի, այդ թվում՝ ինչ-որ չափով ավելացնելու, եթե չի հերիքում գումարը, մենք նրան տանք հնարավորություն ունենալու զբաղվածություն, որով կապահովի և՛ իրացումը, և՛ հետագա կենսագործունեությունը»,- ասաց Թորոսյանը։

Ըստ նրա՝ ծրագրին դիմելու հնարավորությունը բացվել է 2 օր առաջ, ու արդեն 3 տասնյակից ավելի դիմում է ստացվել։

Հիշեցնենք՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ․ հունիսին։ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 մլն դրամ։ Մնացած բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու) տրվում է 3 միլիոն դրամի չափով աջակցություն։ Աջակցության գումարի չափը որոշվել է՝ վերլուծելով 2023թ․ անշարժ գույքի շուկայում արված առուվաճառքի գործարքների վիճակագրությունը։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Sputnik Արմենիա