Логотип

«Շենքը փլվում է, երեխաներին տարել ենք տնից». Վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարդաշենի բնակիչներն այսօր՝ ապրիլի 22–ին, բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց։ Նրանք ահազանգում են, որ թաղամասի շենքերը վթարային վիճակում են և արդեն մի քանի փլուզումներ են տեղի ունեցել;

Ակցիայի մասնակիցներից Լիանա Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հերթական անգամ իրենց խաբված են զգում. «Հիմա էլ ասել են վաղը ժամը 1–ին, բայց 99 տոկոսով հույս չունենք, որ դրական պատասխան կստանանք։ Մերը Վարդաշեն 6–րդ փողոցի 68/ա շենքն է, որը այս պահին ահավոր վիճակում է։ Ես իմ 3 թոռներից տնից տեղափոխել եմ ուրիշ տեղ։ Մեզ անընդհատ ասում են, որ մենք մտածում ենք, բայց ոչ մի բան էլ չեն մտածում, մտածում են միայն իրենց աթոռի մասին, տակները պինդ, փորները կուշտ։ Ոչ մեկին չի հետաքրքրում 150 բնակիչների կյանքը։ Ինչի՞ն են սպասում, որ այդ երկու շենքը հավասարվի հողին, հյետո նոր գան ինչ–որ մի փոխհատուցում տան, կամ մեկ սենյականոց մի տուն տան, մարդիկ գնան։

Արդեն ինչքան ժամանակ է, գալիս ենք, գնում ենք, ու ոչ մի արդյունք։ Վարչապետն ասում էր՝ գումարի խնդիր չկա, միթե հիմա իրենք չեն կարողանում մեզ ապահովել բնակարաններով։ Ես ինձ համար չեմ վախենում, իմ թոռների համար եմ մտածում, որ մեկը 1.5 տարեկան է։

Երկու օր անձրև է եկել, ներսում այնքան խոնավ է, որ նկարագրելու չի, փլվում է շենքը։ Գիշերը շենքը դղրդում է, ճռճռում է։

Ես էլ եմ որոշել՝ դուռը փակեմ, գնամ վարձով ապրեմ, բա տունը փլվի պանելների տակ մնա՞մ»։

Նա նշեց, որ անընդհատ իրենց ասում են՝ սպասեք, որոշումը կառավարությունում է, վերջին փուլն է, որից հետո իրենց կապահովեն տներով կամ փոխհատուցում կտան. «Բոլորը թռուցիկ խոսքեր են, ոչ մի բան չեն անում։ Իրենց ուզածն էն ա, որ էս երկու ամսին էլ անցնի, ընտրությունները անցնի, իսկ ժողովուրդը մնալու է էլի փտած շենքի մեջ։ Վարչապետը որտեղ ասես՝ գնում է, թող ոտք դնի Վարդաշեն, տեսնի, թե ինչ վիճակում է։ Գիտենք, որ չի գա, որովհետև ինքը գոնւմ է այնտեղ, որտեղ լավ է երևում»,–ասաց Լիանա Մարտիրոսյանը։

Վարդաշենի 68/ա շենքի բնակիչներից Կարեն Գևորգյանն էլ հավելեց, որ քաղաքապետարանից իրենց հարցով զբաղվող պաշտոնյան ասել է, կամ վաճառեք, գնացեք, եթե կարող եք, կամ էլ պետք է սպասեք, որ մի 10-15 հազար դոլարի փոխհատուցում կտան. «Անհնար է այս վիճակում վաճառել, եթե կարողանայինք վաճառել, վաղուց էինք վաճառել։ Ես ապրելու գումար ունեմ, բայց բնակարան առնելու գումար չունեմ։ Մենք Տիգրան ԱՎինյանին ենք ընտրել, բայց հիմա չի բարեհաճում իջնի, մեզ հետ մի բան խոսա։

Շենքը ջրի մեջ ճպճպում է, գարծահոտը խեղդում է, կոյուղի գոյություն չունի, պատերը իրարից հեռացած են։ Իրենք ուզում են, որ մեզնից մեկը մի բան անի, ձերբակալեն, ու տենց մեզ ցրեն։ Ոչ մի բան էլ չեն կարողանալու անել»,–ասաց նա։

Բնակիչներն առաջարկում են հանդիպում կազմակերպել, դեմ առ դեմ նստել ու իրենց հստակ պատասխան տալ։

News.am