«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Խանջյան» ցուցասրահում ավարտվել է մեր ժամանակների ամենակարևոր մշակութային նախագծերից մեկը։ Անվանի գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի «Հայոց այբուբենի ստեղծումը», «Վարդանանք» և «Հայաստանի վերածնունդը» ստեղծագործությունները վերականգնվել են՝ հանրությանը ներկայանալով իրենց նախնական փայլով ու խորությամբ։ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանի խոսքով` կենտրոնի «Խանջյան» ցուցասրահը վերջին ամիսներին վերածվել էր գիտական լաբորատորիայի և հոգևոր երկխոսության վայրի։

Վահագն Մարաբյան
«Արդյունքում այն այսօր ներկայանում է նոր լույսերով ու թարմացված ուղերձով»,– ասուլիսի ժամանակ ասաց Մարաբյանը։
Կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը հիշեցրեց, որ գոբելենի ճակատագիրը սերտորեն կապված է Հայաստանի նորագույն պատմության հետ. այս պատմությունը սկսվել է դեռևս 1970-ականների վերջին։

Արմեն Եսայանց
«Ամենայն հայոց կաթողիկոսը (Վազգեն Ա-խմբ.) պատվիրեց ստեղծել ստվարաթղթե պաննոները, որպեսզի Ֆրանսիայում գործվեն գոբելենները։ Այդ ժամանակ երևի հենց ինքը՝ հեղինակը, չէր պատկերացնում, թե հայկական վիզուալ մշակույթի համար որքան առանցքային ու խորհրդանշական կդառնա այս գործը»,– նշեց Եսայանցը։
Սակայն նկարի ֆիզիկական վիճակը տարիների ընթացքում վատթարացել էր։ Վարպետի դուստրը՝ Սեդա Խանջյանը, պատմում է, որ թեև երկաթյա կարկասն ու հիմքը պատրաստ էին դեռ 1985-ին, հայրը բուն աշխատանքն սկսեց 1992-ին՝ ամենածանր տարիներին։
«Այդ տարիներին այստեղ ոչ ջերմություն կար, ոչ լույս, նույնիսկ պատուհանները բացակայում էին։ Հենց այդ խոնավությունից ու անբարենպաստ պայմաններից էլ սկսվել էր վնասումը։ Երկար տարիներ դիմում էինք մասնագետների, բայց ոչինչ չէր ստացվում։ Այս վերականգնումը հայրիկի 100-ամյակի ամենամեծ շնորհակալությունն էր, նրա վերջին գործն ու ուղերձը՝ հայ ժողովրդին»,– ասաց դուստրը։

Սեդա Խանջյան
Խանջյանի կոթողային եռամաս աշխատանքն անցել է ամրակայման և ռեստավրացիայի բարդ ու զգայուն փուլ։ Այսօր, երբ փայտամածները հավաքված են, աշխատանքների ընթացքի և թաքնված շերտերի մասին վերականգնող վարպետը` նախագծի ղեկավար, նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը շեշտեց, որ այս նախագիծը դարձավ իր մասնագիտական 50-ամյա փորձի ամենահուզիչ հանգրվանը։
Նրա խոսքով` ամեն ինչ սկսվեց մի տագնապալի ազդակից. դեռ վարպետի կենդանության օրոք որմնանկարի վրա դեֆեկտներ էին հայտնվել. հրդեհի հետքեր, շերտազատումներ, որոնք ժամանակին փորձել էին անհաջող սոսնձել։

Նիկոլայ Միխայլով
«Նախքան որևէ բան անելը պետք էր գիտականորեն մոտենալ։ Մենք փորձանմուշ վերցրինք և տեղափոխեցինք Սանկտ Պետերբուրգի լաբորատորիաներ։ Այնտեղ իրականացվեց բիոքիմիական անալիզ՝ պարզելու ներկաշերտի, նախաներկի և գրունտի հստակ բաղադրությունը», — պատմեց ռեստավրացիայի հեղինակը։
Միայն այդ տվյալների հիման վրա, ըստ նրա, մշակվեց հատուկ մեթոդիկա։ Սակայն տեխնիկական խնդիրներից զատ, կար նաև բարդ ինժեներական մարտահրավեր. սրահի ճարտարապետական առանձնահատկությունների պատճառով ստեղծվեցին հատուկ շարժական, եռահարկ փայտամածներ, որոնք թույլ տվեցին մասնագետներին մոտենալ պատի յուրաքանչյուր միլիմետրին։ Միխայիլովը նշեց, որ ռեստավրացիան սոսկ ներկերի թարմացում չէ, այն շփում է հեղինակի հոգու հետ։ 50 տարվա փորձ ունեցող վարպետը խոստովանեց մի բան, որ նույնիսկ վախեցրել է աշխատանքի սկզբում։
«Ես զգում էի նրանց շունչը։ Երբ մոտենում էի որմնանկարին, կերպարները կենդանի հայացքով նայում էին ինձ։ Սկզբում թվում էր, թե նրանք ինձ դատում են, թույլ չեն տալիս մոտենալ։ Դա միստիկա էր, օդի տատանում, որն առաջին անգամ էի զգում իմ պրակտիկայում»,– պատմեց նկարիչը։
Այդ հոգեբանական պատնեշը հաղթահարելուց հետո միայն սկսվեց բուն գործը։ Վերականգնողները փակել են ոչ միայն խոշոր ճաքերը, այլև մազանման զարկերակները, որոնք անզեն աչքով գրեթե տեսանելի չէին, բայց խաթարում էին կտավի ամբողջականությունը։
«Այս նախագծի կարևորագույն առաքելություններից մեկը սերնդափոխությունն էր։ Չնայած ընդունված է նման մասշտաբի գործերի համար հրավիրել եվրոպացի մասնագետների, այս անգամ շեշտը դրվել է տեղական ներուժի վրա։ Աշխատանքներում ներգրավվել են տաղանդավոր հայ մասնագետներ, ովքեր յուրացրել են ռեստավրացիայի նրբությունները։ Իմ նպատակը նաև որպես հայ այն էր, որ փոխանցեմ սեփական փորձս, որպեսզի ապագայում հայկական հուշարձանները վերականգնեն հենց տեղացի վարպետները, այլ ոչ թե հրավիրյալ մասնագետները»,– նշեց Միխայլովը։
Նա հավելեց, որ Գրիգոր Խանջյանը կիրառել է հին վարպետների տեխնիկան, սակայն մի կարևոր մասնագիտական նրբությամբ ` ժամանակակից մոտեցմամբ ու բավականին բարդ տեխնիկայով։ Նա նկատեց, որ որմնանկարում սպիտակ գույն որպես այդպիսին չկա՝ այն, ինչ տեսնում է աչքը, իրականում գրունտն է։
Այսօր Խանջյանի եռապատկերը ոչ միայն վերականգնված է, այլև պաշտպանված։ Գրիգոր Խանջյանի ուղերձը՝ մարմնավորված գույների և պատմական կերպարների մեջ, կշարունակի իր հավերժական ընթացքը Կասկադի բարձունքում։
