Логотип

ՀԿԵ-ՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Ապրիլի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշել են Աշխատանքի պաշտպանության օրը, որը 2026 թվականին անցկացվում է «Բարենպաստ հոգեսոցիալական աշխատանքային միջավայր․ աշխատողների բարեկեցության և կազմակերպության ամրապնդման հիմք» խորագրի ներքո։

ՆՇՄԱՆԸ ՆԱԽՈՐԴԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹԸ, որի ընթացքում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ՝ ուղղված աշխատակիցների իրազեկվածության բարձրացմանը և անվտանգության հմտությունների զարգացմանը։ Մասնավորապես, անցկացվել են դասընթացներ՝ անհատական պաշտպանության միջոցների ճիշտ կիրառման, փաստաթղթերի վարման, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության տեղեկատվական նյութերի ձևավորման վերաբերյալ։ Իրականացվել են նաև այլ նախաձեռնություններ, որոնք նպաստում են աշխատանքի պաշտպանության համակարգի կատարելագործմանը։

Ապրիլի 28-ին ընկերության մասնագետները մասնակցել են նաև տեսական և գործնական վարպետության դասի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում, որտեղ ներկայացվել են առաջին օգնության ցուցաբերման ժամանակակից մոտեցումներ և կիրառական հմտություններ՝ արտակարգ իրավիճակներում արդյունավետ արձագանքելու համար։

Աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կարինե Համբարձումյանը նշել է, որ անվտանգության կանոնների պահպանումը հատկապես կարևոր է այն ոլորտներում, որտեղ տեխնիկական ռիսկերը բարձր են։ Նրա խոսքով՝ վտանգավոր գոտիներում վարքագծի ճիշտ մոդելը որոշիչ նշանակություն ունի, իսկ երբեմն սահմանափակումներն ու արգելքները հանդիսանում են կյանքի պահպանման միակ երաշխիքը։

Ընկերությունում շարունակում են մեծ ուշադրություն դարձնել աշխատանքի պաշտպանության ոլորտին՝ կարևորելով արտադրական վնասվածքների կանխարգելումը և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը։