Логотип

Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերաօծվեց․ արարողությանը ներկա էր նաև

Տավուշի մարզում վերաօծվեց Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցին։

Արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հետ Կիրանցում են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև նախկինում ընդդիմադիր, այժմ անկախ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Եկեղեցու վերաօծումն իրականացվում է Մայր աթոռի տնօրինությամբ, արարողությունն անցկացրեց Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։

Արդեն վերաօծման արարողությունից հետո, երբ բոլորը դրսում էին, Հայկազուն սրբազանը մոտեցավ Փաշինյանին, սեղմեց նրա ձեռքը և շնորհակալություն հայտնեց գալու համար։

Ի դեպ, Հայկազուն սրբազանի նկատմամբ մեղադրանք կա առաջադրված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյան) «գործով»՝ դատական ակտը չկատարելու հիմքով։ Սկզբում սրբազանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից բացակայելու արգելը, բայց մի քանի ամիս անց այն վերացվեց։

Հիշեցնենք` 19-րդ դարում կառուցված եկեղեցին խիստ վթարային վիճակում էր (ճակատին պահպանված արձանագրության համաձայն՝ կառուցվել է 1888թ․)։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ եկեղեցին գործել է մինչև 1930 -ականների կեսերը: 2022թ․ եկեղեցու վերականգնման նախագիծ իրականացվեց, որով նախատեսված էր վերացնել աղավաղումներն ու եկեղեցին բերել նախնական տեսքի։ Մեկնարկեցին վերականգնման աշխատանքներ, որոնք այն ժամանակ արվում էին բարերարի ֆինանսավորմամբ։ Դրա ժամանակ էլ մի շարք նոր շեղումներ եղան։ Արդյունքում որոշում կայացվեց աշխատանքները շարունակել պետական միջոցներով (ընդհանուր հատկացվել է 53,7 միլիոն ՀՀ դրամ)։ 2024թ․ մեկնարկեցին աշխատանքները, որոնց ժամանակ վերացվեցին նաև նախկինում արված շեղումները։

Sputnik Արմենիա