ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում (տարածքային ամբողջականության խախտում): Փոփոխություններով նախատեսվում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարման կամ դրա մասնակի սահմանափակման կոչերը կամ գործողությունները: «Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»,- ճշտել է նախարարությունը՝ նշելով, թե նախագծի նպատակը անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է, հաղորդում է Sputnik Արմենիան: Այս հանցագործության համար Արդարադատության նախարարությունն առաջարկում է պատիժ սահմանել 12-ից 15 տարի ժամկետով ազատազրկումը։