Փետրվարի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 24-28մ/վրկ արագությամբ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ նման ուժգնության քամիների դեպքում՝ 24-28 մ/վրկ արագության, կարող են պոկվել ծառի ճյուղեր, տանիքների թիթեղներ և այլն։ «Որոշակի զգուշություն, զգոնություն պետք է պահպանել, որովհետև նման արագության քամին համարվում է շատ ուժեղ քամի։
Մենք շատ ենք ունենում, որ քամու արագությունը հասնում է մինչև 24-28 և 30 մ/վրկ–ի, նույնիսկ Լոռիում եղել է, որ հասել է մինչև 35 մ/վրկ–ի։ Այնպես որ սա շատ արտառոց երևույթ չէ և մինչև երեկո քամիների ուժգնություն կպակասի»,–ասաց նա։
