Логотип

ՓՈՐՁԱԳԵՏ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է

«Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը: Վերջինս արտահայտվում է ոչ միայն նավթի գների աճի, այլ նաև գազի շուկաների կտրուկ վերաձևավորման տեսքով:

Այսօր հայտնի դարձավ, որ հեղուկացված բնական գազի (LNG) խոշորագույն արտադրողն ու արտահանողը՝ Կատարը (զիջում է միայն ԱՄՆ-ին), դադարեցրել է բնական գազի արդյունահանումը՝ Ռաս-Լաֆֆանի ու Մեսաիդի էներգետիկ օբյեկտներին Իրանի հասցված հարվածներից հետո:

Կատարի կշիռը համաշխարհային հեղուկացված գազի շուկայում կազմում է 20%: Ե՛վ արտադրական օբյեկտների հրթիռակոծումը, և՛ Հորմուզի նեղուցի պարալիզացումը, որով անցնում է աշխարհում սպառվող հեղուկացված գազի 30%-ը, արդեն իսկ հանգեցրել են գազի շուկաներում ճգնաժամային միտումների առաջացման: Օրինակ, այսօր Նիդեռլանդների TTF հաբում բնական գազի ապրիլյան ֆյուչերսների արժեքը աճել է 24,69%-ով և առավելագույն պահին հասել է 39,85 եվրոյի՝ 1 ՄՎտ·ժ-ի դիմաց, կամ մոտավորապես 491 ԱՄՆ դոլարի՝ 1 հազար խմ համար։

Ո՞վ է շահում այս ամենից:

Իհարկե, ամերիկյան գազային ընկերությունները, որոնք պետական արտոնությունների ներքո ակտիվորեն գրավում են եվրոպական շուկան:

Սակայն Վաշինգտոնն այս հարցում ունի իր «աքիլլեսյան գարշապարը»:

Մերձավոր Արևելքի լոգիստիկ ու արդյունաբերական խաթարման հետևանքով հեղուկացված գազի առաջացած պակասորդը լրացնելու համար Նահանգներին անհրաժեշտ է ընդլայնված լցանավային նավատորմ: Նման նավերի սեփական արտադրություն նրանք չունեն: Հետևաբար, ի հայտ է գալիս խնդիր՝ կախվածություն Չինաստանից, որն այս սեգմենտում աշխարհի բացարձակ առաջատարն է»։

Aysor.am