Արգենտինահայ փաստաբան, SOAR ընկերության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ դիմում է հղել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:
SOAR – Բուենոս Այրեսի հրապարակած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ 2026 թվականի մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը փորձել է կապ հաստատել օմբուդսմեն Ալիևայի հետ՝ օգտագործելով միակ հասանելի եղանակը՝ ընտանիքի հետ հեռախոսազանգը, որը սակայն ընդհատվել է՝ նախքան նա կկարողանար ավարտել իր դիմումը:
«Դատավճիռ կայացնելուց ավելի քան մեկ ամիս անց, հայ կալանավորներից և ոչ մեկը չի ստացել իր դատավճռի պաշտոնական պատճենը՝ որևէ լեզվով: Նրանք տեղյակ չեն իրենց դատապարտման իրավական հիմքերից, ինչպես նաև այն մասին, թե ուր և երբ կարող են տեղափոխվել: Մենք խորապես մտահոգ ենք կալանավայրի պայմաններով: 2026 թվականի հունվարին ազատ արձակված գերիների ֆիզիկական և հոգեբանական վիճակը լուրջ անհանգստություն է հարուցում կալանքի մեջ մնացողների վիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կալանավորների և նրանց ընտանիքների միջև կապը խիստ սահմանափակվել է՝ կրճատվելով հազվադեպ ու կարճ զանգերի: Ընտանիքները մտավախություն ունեն, որ նույնիսկ այս նվազագույն կապը շուտով կարող է ամբողջությամբ կտրվել:
«Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ տիկին Ալիևան ունի գործելու թե՛ լիազորություն, թե՛ պատասխանատվություն: Մենք պաշտոնապես պահանջել ենք տասնհինգ օրվա ընթացքում ստանալ բովանդակալից գրավոր պատասխան և ներկայացրել ենք մանրամասն նամակ՝ նկարագրելով հրատապ մտահոգությունները»:
Լուսինա Մինասյանը կցել է նաև Սաբինա Ալիևայիյն հասցեագրված նամակը, որտեղ հստակ պահանջներ են նշվում.
«SOAR-ը պաշտոնապես խնդրում է, որ Ձեր գրասենյակը՝
– Ապահովի բոլոր հայ կալանավորներին իրենց դատավճռի պաշտոնական տեքստի անհապաղ տրամադրումը՝ նրանց հասկանալի լեզվով.
– Ապահովի, որ կալանավորներն ու նրանց ընտանիքները ժամանակին տեղեկացվեն տեղափոխման վերաբերյալ ցանկացած որոշման մասին՝ ներառյալ նպատակակետ հաստատությունը և տեղափոխման ամսաթիվը.
– Նպաստի կալանքի պայմանների և մնացած յուրաքանչյուր կալանավորի ֆիզիկական ու հոգեբանական վիճակի անկախ գնահատմանը.
– Երաշխավորի կանոնավոր ընտանեկան կապի, ներառյալ՝ հեռախոսային հաղորդակցության շարունակությունը՝ առանց սահմանափակման կամ հատուցման.
– Հաստատի սույն նամակի ստացումը և ապահովի բովանդակալից գրավոր պատասխան՝ տասնհինգ օրվա ընթացքում:
Թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը և մարդկային հիմնական արժանապատվության պահպանումը անորոշ ժամանակով հետաձգելու ենթակա չեն: Այն կալանավորները, որոնց անունից ես գրում եմ, մարդիկ են, որոնք իրավունք ունեն ադրբեջանական օրենսդրությամբ և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով ամրագրված իրենց բոլոր իրավունքների լիարժեք պաշտպանության: Կոչ եմ անում Ձեր գրասենյակին գործել այն շտապողականությամբ, որն այս իրավիճակն անխուսափելիորեն պահանջում է»:
