Логотип

Մրգաշենում սպանված տղամարդը գյուղի ատամնաբույժն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում այսօր տեղի ունեցած դանակահարության հետևանքով սպանված տղամարդը գյուղի ատամնաբույժն էր։ Նրան դանակահարել են իր տան դիմաց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Սիրեկան Հարությունյանը։

«Արթուր Ավագյանը ամուսնացած էր, երեք անչափահաս երեխա ունի։ Արթուրին մեր տարածաշրջանում շատերն էին ճանաչում։ Մի քանի ամիս առաջ էին տեղափոխվել այս տանն ապրելու, նախքան այդ հայրական տանն էին ապրում։ Դեպքի պահին կինն է տանը եղել։ Կինը շոկի մեջ է, կցկտուր բաներ է պատմում տեղի ունեցածի մասին․ մեկ ասում է՝ կանչեցին, դուրս եկավ, մեկ էլ ասում է՝ զանգեցին, դուրս եկավ։ Արթուրը դուրս է եկել, 10 րոպե հետո բակի շունը նրա ոտնամանը ներս է տարել, կինը հասկացել է, որ մի բան այն չէ։ Դուրս են եկել, տեսել են բակում ընկած»,–լրագրողների հետ զրույցում պատմեց Սիրեկան Հարությունյան։

Հարությունյանը նշեց, որ Արթուրը դանակի մի քանի հարված էր ստացել։ Շտապօգնության բժիշկները թեև ամեն ինչ արել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

«Արթուրը երբեք որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել։ Օգնող, հասնող տղա էր։ Չգիտեմ՝ ինչն է եղել պատճառը։ Քննությունը կպարզի»,–նշեց նա։

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ ապրիլի 13-ին` ժամը 12-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

News.am