Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը կարծում է, որ Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է համատեղ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի այնտեղ պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։
Միրիամ Լեքսմանը նման կարծիք է հայտնել Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։
Հարցազրույցում Լեքսմանն անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, Երևանում առաջիկայում կայանալիք Հայաստան-ԵՄ և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներից ակնկալիքներին, Հայաստանում կայանալիք ընտրություններին ընդառաջ ԵՄ-ի անելիքներին՝ հնարավոր արտաքին միջամտություններին դիմակայելու համատեքստում ու այլ հարցերի։
-Եվրոպական խորհրդարանը հաճախ հստակ աջակցություն է հայտնել Հայաստանի եվրոպական ձգտումներին։ Ի՞նչ կոնկրետ քայլ պետք է Հայաստանը իրատեսորեն սպասի ԵՄ-ից առաջիկա 6-12 ամիսների ընթացքում։
-Հայաստանի կողմից Եվրամիության չափանիշներին բավարարելը Եվրամիության պարտականությունը չէ։ Իհարկե, Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին տարբեր ծրագրերի միջոցով։ Շատ շուտով Երևանում տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, Երևանում տեղի կունենա նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որտեղ Եվրոպական միությունը հիմնականում խոսելու է տարբեր ենթակառուցվածքներում ներդրումների, թվայնացման, մրցունակության և այլնի մասին։ Այսպիսով, գործնականում Եվրոպական միության պարտականությունը չէ օգնել Հայաստանին անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին բավարարելու հարցում, բայց Եվրոպական միությունն արդեն իսկ օգնում է։ CEPA համաձայնագիրն էլ է նպաստում ներդրումներին «Գլոբալ դարպասներ» և այլ ծրագրերի միջոցով։ Համաձայնագիրը նպաստում է նաև ենթակառուցվածքներում ներդրումներին, թվայնացմանը, մրցունակությանը և այլն՝ գործնականում ամբողջ տարածաշրջանն ավելի դիմակայուն դարձնելու նպատակով, որովհետև մենք տեսնում ենք, որ, ցավոք, երկար տարիներ Եվրոպական միությունը թերագնահատում էր Ռուսաստանի՝ տարածաշրջանում գերիշխող ուժ լինելու ջանքերը։ Եվ մեզ համար չափազանց կարևոր է նաև ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով աջակցել այն երկրներին, որոնք արտահայտում են իրենց պատրաստակամությունն ու տեսլականը՝ իրենց ապագան Եվրոպական միության մեջ տեսնելու, իրենց երկրի համար եվրոպական ապագա տեսնելու։ Եվրոպական միությունը հետևում է նաև հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես որոշակի մակարդակով Եվրոպական միության գործընկերներն են, և շատ կարևոր է, որ մենք աջակցենք նաև այն քայլերին, որոնք տանում են այս երկրների միջև ավելի լավ հարաբերությունների։ Սա չափազանց կարևոր է Եվրոպական միության համար։ Վերջիվերջո, Եվրոպական միությունը ձևավորվել է երկու չափազանց ողբերգական պատերազմներից հետո, երբ տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների, ինչպես նաև քաղաքացիների միջև կապերի կառուցման միջոցով ձևավորվեցին ներկայիս Եվրոպական միության հիմքերը, հիմնական հենասյուները։ Գործնականում երկրները միմյանց դեմ պատերազմներ ունենալուց հետո կարողացան վերադառնալ և զարգացնել գործընկերություններ, ծրագրեր, տնտեսական համագործակցություն։
-Երբ Բրյուսելն ասում է, որ աջակցում է Հայաստանի եվրոպական ուղուն, գործնականում դա ի՞նչ պետք է նշանակի՝ վիզաների ազատականացո՞ւմ, ավելի ուժեղ անվտանգային համագործակցությո՞ւն, ավելի խորը տնտեսական ինտեգրացիա՞, թե՞ ավելի հստակ քաղաքական ճանապարհային քարտեզ։
-Դե, իհարկե, այդ ամենը։ Եվ այս ամենում Հայաստանը պետք է դեր խաղա, որովհետև սա ոչ թե մեր, այլ Հայաստանի տնային աշխատանքն է։ Դուք նշեցիք, օրինակ, վիզաների ազատականացումը։ Իհարկե, կան որոշ չափանիշներ։ Երբ այդ չափանիշները կատարվեն, Եվրոպական միությունը կարող է հետագա քայլեր անել դեպի վիզաների ազատականացում։ Հայաստանի համար դեռևս, ես կասեի, բարդ չափանիշներից մեկն սահմանների պաշտպանությունն է, և ես դա հասկանում եմ, որովհետև մենք գիտենք, որ պատմականորեն սա հայերի ձեռքում չի եղել, ուստի շատ կարևոր է, որ Հայաստանը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի սահմաններն իսկապես պաշտպանված լինեն, որպեսզի Եվրոպական միությունն էլ կարողանա առաջ շարժվել վիզաների ազատականացման քայլերով։
-Բաքվում պահվող հայ գերիների հարցում՝ կարծո՞ւմ եք, որ Ադրբեջանի հետ ԵՄ ներգրավվածությունը պետք է պայմանավորվի նրանց ազատ արձակմամբ։ Եթե ոչ, ապա ի՞նչ լծակներ է ԵՄ-ն պատրաստ կիրառել։
-Եվրոպական միության համար, իհարկե, շատ դժվար է ասել, թե ինչ կերպ կարող են այս մարդիկ հնարավորինս շուտ ազատ արձակվել։ Եվ, իհարկե, որպես Հայաստանի հարցով զեկուցող՝ իմ շահերից է բխում, որ մենք ստեղծենք և կիրառենք անհրաժեշտ ճնշումը։ Կանոնավոր կերպով մենք պահանջ ենք ներկայացնում Եվրոպական հանձնաժողովին՝ զբաղվելու այս հարցով, որովհետև, ինչպես Դուք էլ ասացիք, ակնհայտ է, որ մենք նաև լծակներ ունենք Ադրբեջանի նկատմամբ։ Այս իմաստով շատ կարևոր է, որ Եվրոպական միությունն օգտագործի այդ լծակները՝ ապահովելու համար, որ այս մարդիկ հնարավորինս շուտ ազատ արձակվեն։ Մենք նաև սա համակարգում ենք Հայաստանի կառավարության հետ, որովհետև տեսնում ենք, որ սա նաև Կառավարության համար մտահոգության մեծ առարկա է և փորձում ենք համատեղ ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա, որպեսզի այդ մարդիկ ազատ արձակվեն։
-Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հարցում հաճախ ավելի կոշտ և հստակ դիրքորոշում է ունեցել, քան ԵՄ մյուս կառույցները։ Այսօր հիմնական անջրպետը որտե՞ղ եք տեսնում Խորհրդարանի և Հանձնաժողովի միջև, Խորհրդարանի և Խորհրդի միջև, կամ հենց անդամ պետությունների միջև:
-Դուք նկատի ունեք քաղաքական բանտարկյալների ազատ արձակո՞ւմը։
-Ոչ միայն, ընդհանուր առմամբ Հայաստանի վերաբերյալ, որովհետև շատ ավելի խիստ տոն կա միայն այս կառույցում։
-Դե, մի իմաստով դա ակնհայտ է, որովհետև մենք կարող ենք ունենալ խիստ տոն, բայց իրագործումը պետք է լինի Հանձնաժողովի կողմից, և հաճախ նույնիսկ իրական կյանքում ավելի հեշտ է որևէ բան հայտարարելը, քան դա իրագործելը։ Այսպիսով, ես կասեի, որ մենք որոշումներ են կայացնում և ճնշում գործադրում Եվրոպական հանձնաժողովի վրա։ Նույնը անում են նաև որոշ անդամ պետություններ։ Բայց իրագործումը Եվրոպական հանձնաժողովի ձեռքում է։ Սակայն, ցավոք, պետք է ասենք, որ եթե քաղաքական բանտարկյալների ազատ արձակման իրագործումը լիներ Հանձնաժողովի ձեռքում, մարդիկ արդեն ազատ կլինեին։ Ցավոք, նրանք պատանդ են պահվում Ադրբեջանի կողմից։ Եվ շատ դժվար է ասել՝ արդյոք Եվրոպական հանձնաժողովն օգտագործե՞լ է բոլոր հնարավոր միջոցները։ Բայց ես վստահ եմ, որ նրանք փորձել են բոլոր հնարավոր միջոցները, և ես իսկապես շատ մեծ հույս ունեմ, որ այդ ճնշումը վերջիվերջո կհարգվի ադրբեջանական կողմից, և նրանք նույնպես կցանկանան որպես գործընկեր հանդես գալ և չպահել այս քաղաքական բանտարկյալներին։ Եվ ես նաև հույս ունեմ, որ Միացյալ Նահանգները նույնպես կմիանա և ճնշում կգործադրի ադրբեջանական կողմի վրա, որովհետև Միացյալ Նահանգները նույնպես մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման հարցում՝ TRIPP նախագծի միջոցով։ Ես կարծում եմ, որ սա պետք է դրա մի մասը լինի։ Այսպիսով` ԵՄ-ն և Միացյալ Նահանգները պետք է համատեղ ճնշում գործադրեն մյուս կողմի վրա, որպեսզի այդ մարդիկ հնարավորինս շուտ ազատ արձակվեն։
-Հայաստանի առաջիկա ընտրություններից առաջ ի՞նչն եք համարում ժողովրդավարության համար հիմնական ռիսկերը, և ԵՄ-ի ինչպիսի՞ աջակցությունը կարող է տեղում ամենամեծ ազդեցությունն ունենալ։
-Ես հիմնական իրական քաղաքական ռիսկ եմ համարում Ռուսաստանի միջամտությունը ընտրություններին։ Մենք արդեն տեսնում ենք ռուսական կողմից որոշ ջանքեր, որոնք հենց այս պահին արդեն տեղի են ունենում, և ես կարծում եմ, որ սա ամենաբարձր ռիսկն է։ Եվրոպական միության համար կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդն ազատորեն որոշի իր ապագան։ Եվ մենք փորձում ենք անել մեր բաժին աշխատանքը։ Մենք արդեն ուղարկել ենք որոշ մարդկանց, որոնք պետք է հետևեն և օգնեն ինչ-որ չափով հետևել սոցիալական մեդիային՝ միջամտությունը, ապատեղեկատվությունը հայտնաբերելու համար։ Իհարկե, տեղում լինելու են դիտորդներ, որոնք կհետևեն ընտրություններին և ընտրական ընթացակարգերին։ Մենք պետք է ապահովենք, որ Ռուսաստանի միջամտության փորձերը կանգնեցվեն, և որ Հայաստանի ժողովուրդը կարողանա ազատորեն որոշել, թե ով պետք է գլխավորի իրենց Կառավարությունը։
-Առաջիկա Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ՝ ո՞րն է այն մեկ կոնկրետ որոշումը կամ արդյունքը, որը պետք է ապահովի, որպեսզի Հայաստանի քաղաքացիները զգան, որ ԵՄ աջակցությունը վստահելի է, ոչ թե միայն հռետորաբանություն։
-Կարծում եմ՝ գագաթնաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանի դիմակայունությունն աշխարհաքաղաքական ճնշումների նկատմամբ, տնտեսական զարգացումը, Հայաստանի մրցունակությունը, առևտուրը։ Ես կարծում եմ, որ եթե հայերը զգան, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին բոլոր նմանատիպ նախագծերում, սա մի տեսակ հստակ ազդակ կլինի, որ Եվրոպական միությունը նույնպես Հայաստանին տեսնում է որպես իր ապագա հնարավոր անդամ։ Եվ, իհարկե, եթե հայ ժողովուրդը այդպես որոշի, այդ անդամակցությունը կկայանա։ Մյուս կողմից, մենք նաև պետք է ասենք, որ գործընթացը չափազանց դժվար է։ Հատկապես հիմա Եվրոպական միությունում մենք տեսնում ենք, որ կան ընդլայնման հետ կապված բարդություններ։ Եվ շատ դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն արձագանքներն անդամ պետություններում, որովհետև անդամակցությունը պետք է հաստատվի անդամ պետությունների կողմից։ Որոշ անդամ պետություններում դա կատարվում է հանրաքվեի միջոցով։ Որոշ անդամ պետություններում՝ խորհրդարանական քվեարկությունների միջոցով։ Եվ, իհարկե, սա առաջիկա շատ ու շատ տարիների հարց է։ Բայց ես կասեի, որ սա կարևոր է նաև, գուցե, որպես տնային աշխատանք Եվրոպական միության և մեր ապագայի համար։ Ես մի քանի օր առաջ եղել եմ Հյուսիսային Մակեդոնիայում, և մենք այնտեղ քննարկում էինք, որ, ցավոք, հոգնածության և աշխարհաքաղաքական ցնցումների պատճառով Եվրոպական միությունը, գուցե, թուլացնում է պետությունների վրա ճնշումը՝ շարունակելու անդամակցության համար անհրաժեշտ տարբեր քայլերը։ Եվ ես կարծում եմ, որ Եվրոպական միությունը պետք է ինչ-որ կերպ ստեղծի շատ հստակ միջնաժամկետ ձեռքբերումներ այս երկրների համար, որպեսզի այդ երկրները զգան, որ իրենք ավելի մեծ ընտանիքի մաս են կազմում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու Հայաստանում, ցույց է տալիս, որ Եվրոպական միությունը՝ իր հարավային և արևելյան հարևանության հետ միասին, փորձում է համակարգել աշխատանքները, որովհետև արդեն հիմա այդ երկրներին տեսնում է որպես կարևոր գործընկերներ՝ աշխարհաքաղաքական ցնցումներին դիմակայելու համար։ Եվ կարծում եմ, որ սա պետք է շատ հստակ հասցեագրվի, որ մեզ համար կարևոր չէ միայն այն, որ մենք պետք է համակարգենք աշխատանքը մեր հարևանների հետ Եվրոպական միության դիմակայունությունն ուժեղացնելու համար, այլ նաև կարևոր է այդ երկրներին հստակ ժեստերով ցույց տալ, որ մենք իրենց վրա հույս ենք դնում։ Եվ ես հույս ունեմ, որ գագաթնաժողովը կկարողանա նման ազդակ տալ, և որ հայ ժողովուրդը կոգեշնչվի Հայաստանի և Եվրոպական միության փոխադարձ ջանքերի դրական արդյունքներից, որոնք կարող են օգուտ բերել երկու կողմերի մարդկանց։
-Բռնի տեղահանվածների հարցը երբեմն օրակարգից դուրս է թվում երբեմն օրակարգում, Ձեր օրակարգի ո՞ր մասում է այս հարցը թե՛ որպես խորհրդարանի, թե՛ որպես ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչ։ Այդ մարդիկ ակնկալում են, առնվազն մոռացության չմատնվեն, ակնկալում են, որ ինչ-որ բան կարող է արվել իրենց իրավունքների պաշտպանության համար:
-Այո՛, իհարկե, սա նույնպես շատ կարևոր թեմա է, և ես հույս ունեմ, որ այն երբեք չի մոռացվի։ Ես երբեք չեմ մոռացել այն մարդկանց տառապանքը, որոնք ստիպված եղան լքել իրենց տները։ Եվ սա ունի երկու չափում։ Առաջին չափումը, իհարկե, մարդիկ են, նրանց բարեկեցությունը, ինչպես նաև նրանց ապագան, եթե նրանք որոշեն վերադառնալ։ Ուստի, ես կարծում եմ, որ սա ապագա բանակցությունների մի մասն է, որտեղ Եվրոպական միությունը պետք է ներգրավվի և պետք է հնարավորություն տա այս մարդկանց, որպեսզի նրանք ցանկության դեպքում կարողանան վերադառնալ տուն։ Ես չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց կարծում եմ, որ այստեղ Եվրոպական միությունը պետք է նորից դեր խաղա՝ ադրբեջանական կողմի հետ ներգրավվածություն ունենալով, որովհետև կան նաև մարդկանց իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրեր, և սա պետք է ուսումնասիրվի։ Ամբողջ պատկերի մյուս մասն էլ այն է, որ Եվրոպական միությունը, իմ կարծիքով, պետք է օգնի, որ այդ մարդիկ միջնաժամկետ կտրվածքով արժանապատիվ կյանքի պայմաններ ունենան, ապահովվեն կացարանով։ Սա կլինի միջնաժամկետ լուծումը, բայց երկարաժամկետ լուծումն այն է, որ նրանք, իմ կարծիքով, պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն՝ առանց իրենց կամքին հակառակ պայմանների ենթարկվելու։ Մշակութային ու կրոնական ժառանգությունը ևս շատ կարևոր թեմա է։ Ես մի քանի հանդիպումներ և լսումներ եմ անցկացրել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ, որովհետև կա մեծ հետաքրքրություն, և պետք է լինի մեծ հետաքրքրություն նաև եվրոպական կողմից՝ պաշտպանելու այս վայրերը վնասից, որովհետև սա մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունն է։ Այսինքն՝ եվրոպական ժառանգությունն ունի քրիստոնեական արմատներ, և մենք պետք է հաստատակամ լինենք այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը պետք է պաշտպանվի, և, կարծում եմ, Եվրոպական միությունը պետք է ավելին անի Լեռնային Ղարաբաղում այդ վայրերի պաշտպանության ապահովման համար։
