Логотип

ՓՈՂՈՑԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո իր վերջին ճեպազրույցում հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն ունի նոր երկկողմ հանդիպում անցկացնելու հունիսի երկրորդ կեսին: Ոմանք այս հայտարարությունը գնահատեցին որպես ոչ միայն իր հաղթանակի մեջ Փաշինյանի վստահության դրսևորում, այլև ակնարկ, թե Պուտինն էլ նույնպիսի մտադրություններ ունի։

Իրականում հունիսի երկրորդ կեսին հանդիպելու Պուտինի և Փաշինյանի պայմանավորվածությունն առանձնապես ոչ մի բանի մասին չի խոսում հենց թեկուզ այն պատճառով, որ ինչպես հունիսի կեսին, այնպես էլ հունիսի վերջին, և նույնիսկ հուլիսի սկզբին Փաշինյանը ամեն դեպքում լինելու է կառավարության ղեկավար՝ անկախ ընտրությունների արդյունքներից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆ ՄԵԾ ԺԱՄԿԵՏ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ, որի ընթացքում Փաշինյանը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները, նույնիսկ եթե պարտվի ընտրություններում։ Այլ հարց է, որ կախված ընտրությունների արդյունքներից՝ Պուտին-Փաշինյան նոր հանդիպումը կլինի կա՛մ հարաբերությունների նոր փուլի մեկնարկ, կա՛մ առաջնորդների հրաժեշտի հանդիպում, որում Փաշինյանից այլևս ոչինչ կախված չի լինի հայ-ռուսական հարաբերություններում։

Ընտրությունները Փաշինյանի համար բարդ են լինելու, և հասկանալով դա՝ նա փաստորեն վաղուց արդեն առաջնահերթ զբաղված է իր նախընտրական քարոզչությամբ։ Հանրապետությունով մեկ նրա ուղևորությունները վկայում են, որ վարչապետը թույլ աջակցություն ունի, բայց Փաշինյանը անսպասելի որոշումների վարպետ է, և քարոզարշավի ընթացքում մեզ սպասում են բազմաթիվ անակնկալներ: Մասնավորապես, ընտրությունները խոստանում են ռեկորդային լինել կոմպրոմատի մասով, որ իշխանությունը մտադիր է թափել ընդդիմադիրների գլխին, գործի են դրվելու ամենազազրելի մեղադրանքները։ Հաշվարկն այն է, որ նույնիսկ եթե այդ մեղադրանքների սուտ լինելն ակնբախ լինի, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստակամորեն կհավատան չար լեզուներին։

Փաշինյանը խաղալու է նաև ընդդիմության խոցելի տեղերի վրա։ Այսպես, օրինակ, ընտրարշավին իրենց մասնակցության մասին հայտարարած առաջատար ընդդիմադիր ուժերից ոչ մեկը հանրության դատին չի ներկայացրել այն սկզբունքը, որով ձևավորվել է իր ընտրացուցակը։ Ի տարբերություն «Քաղաքացիական պայմանագրի», որն իր ընտրական ցուցակը ձևավորելու համար անցկացրեց ներկուսակցական բաց ընտրություններ երկու փուլով, առաջատար ընդդիմադիր ուժերը նման քայլի չգնացին։ Ըստ երևույթին՝ վախենալով անցանկալի զարգացումներից գործընթացի նման հրապարակայնության պայմաններում։

Բայց, իհարկե, ընդդիմության համար որոշիչ գործոն կդառնա բնավ ոչ դա։ Փողոցը. ահա թե ինչն է վճռորոշ ազդեցություն ունենալու ընտրական գործընթացի վրա։ Փաշինյանը դա հասկանում է, ինչպեսև այն, որ մայրաքաղաքում իր համար դժվար կլինի պատկառելի հանրահավաք կազմակերպել ի աջակցություն իրեն. հնարավոր են վտանգավոր զարգացումներ։ Բայց վարչապետը նախատեսում է զրկել ընդդիմությանը փողոցի նկատմամբ գերիշխման գործոնից տարբեր թամաշաների միջոցով. համերգ Թատերական հրապարակում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, զորահանդես Հանրապետության հրապարակում։

Ինչո՞վ կպատասխանի ընդդիմությունը։ «Ուժեղ Հայաստանն» արդեն մեկնարկ է տվել փողոցային լայնածավալ ակցիաների նոր սեզոնին։ Պետք է ակնկալել, որ նախաձեռնությանը կաջակցեն ընդդիմադիր մյուս թիմերը, և այս շաբաթը կլինի վերջին համեմատաբար պասիվը՝ հունիսի 7-ի ընտրություններից առաջ փողոցային բողոքի առումով։

ՀՀԿ-ն իր համագումարում արդեն հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ ակցիաներ կազմակերպելու նախաձեռնությունը, որպեսզի գագաթնաժողովի մասնակիցների համար ակնհայտ դառնա Փաշինյանի «ժողովրդականության» պատկերը և ժամանակին իրեն «ժողովրդավարության բաստիոն» և «ժողովրդի իղձերի կատարող» հռչակած թիմի իշխանության էությունը:

Սպասվում է, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը «Հայաստան» դաշինքի հովանու ներքո տեղի կունենա նաև ավանդական ջահերով երթը, որը մյուս ընդդիմադիր ուժերի աջակցությամբ ևս պետք է դառնա ժողովրդական միասնության դրսևորում, ինչն այնքան նյարդայնացնում է Փաշինյանին:

Բայց դա բավարար չէ: Եթե ընդդիմությունը հույս ունի հաղթել ընտրություններում, ապա մայիսին փողոցը պետք է եռա, որպեսզի, ինչպես ասում են, հողը վառվի իշխող թիմի ոտքերի տակ։ Իդեալական տարբերակով՝ ընդդիմությունը պետք է կարողանա մայիսի վերջին, Առաջին Հանրապետության օրը, այնքան ամուր փակել մայրաքաղաքը, որ ոչ ոք չնչին իսկ կասկած չունենա, թե ինչպիսին է լինելու հունիսի 7-ի քվեարկության արդյունքը։