Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են շարունակել հետագա ուղիղ բանակցությունները «փոխադարձաբար համաձայնեցված ժամանակին և վայրում»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի տեղակալի՝ երեքշաբթի Վաշինգտոնում տեղի ունեցած ուղիղ բանակցություններից հետո տարածված հայտարարության մեջ, հաղորդում է CNN-ը։
Տասնամյակների ընթացքում երկու կողմերի միջև առաջին քննարկումների ընթացքում «Միացյալ Նահանգները հույս է հայտնել, որ բանակցությունները կարող են անցնել 2024 թվականի համաձայնագրից այն կողմ և հանգեցնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»,- ասվում է հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու ցանկացած համաձայնագիր պետք է կնքվի երկու կառավարությունների միջև ԱՄՆ միջնորդությամբ, և ոչ թե որևէ առանձին ուղիներով։ Միացյալ Նահանգներն ընդգծել է, որ այդ բանակցությունները կարող են զգալիորեն նպաստել Լիբանանի տնտեսական վերականգնմանը և ընդլայնել երկու երկրների ներդրումային հնարավորությունները։
«Իսրայելը հայտնել է իր հանձնառությունը՝ մասնակցելու ուղիղ բանակցություններին՝ լուծելու բոլոր չլուծված հարցերը և հասնելու կայուն խաղաղության, որը կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը»,- նշել են ԱՄՆ Պետքարտուղարությունում։
Իր հերթին, Լիբանանը «վերահաստատել է 2024 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման մասին հռչակագրի լիարժեք իրականացման հրատապ անհրաժեշտությունը՝ ընդգծելով տարածքային ամբողջականության և պետական լիակատար ինքնիշխանության սկզբունքները, միաժամանակ կոչ անելով հրադադարի և կոնկրետ միջոցառումների՝ լուծելու և մեղմելու այն ծանր մարդասիրական ճգնաժամը, որին երկիրը շարունակում է բախվել հակամարտության հետևանքով»։
News.am
