2025 թվականի ապրիլին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է մինչև 2028 թվականի Զարգացման ռազմավարական պլանը, որի առանցքային նպատակն է ապահովել ժողովրդական իշխանության իրացումը՝ ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների միջոցով։ Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում՝ ԿԸՀ 2024-2025 թվականների գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Մեզ համար՝ ԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որպեսզի ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով», – ընդգծել է Հովակիմյանը՝ հավելելով, որ դա ենթադրում է ընտրությունների այնպիսի կազմակերպում, որ քվեարկության արդյունքները կասկած չհարուցեն ո՛չ մասնակիցների, ո՛չ էլ հանրության շրջանում։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ ռազմավարության հիմնական ուղղություններն են ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպումը, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումը, տեխնոլոգիական զարգացումը, ընտրողների իրազեկումն ու կրթումը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացումը։
Նա հավելել է, որ ընտրական գործընթացներում առաջացող խնդիրների հիմնական պատճառը հաճախ գիտելիքների պակասն է։ «Այդ իսկ պատճառով ԿԸՀ-ն շեշտը դնում է բոլոր շահագրգիռ կողմերի շարունակական վերապատրաստման վրա»,- նշել է Հովակիմյանը։
News.am
