Այսօր լրանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրման 120-ամյակը։ ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանն այդ առիթով ուղերձ է հղել։
«Այն, ինչ սկիզբ առավ 20-րդ դարի սկզբին Եգիպտոսի Կահիրե քաղաքում՝ մի ժողովասրահում, այսօր վերաճել է աշխարհում ամենախոշոր շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության. անուն, որին ծանոթ են աշխարհի բոլոր հայերին ու որը վայելում է նրանց վստահությունը։
Այս տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր հիմնադիրների տեսլականին ու հանձնառությանը, այն է՝ կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական և մարդասիրական ծրագրերի միջոցով բարելավել աշխարհասփյուռ հայության կյանքը՝ վերջնանպատակը դարձնելով ողջ հայության բարգավաճումն ապահովելը։
Պետք է նշեմ նաև, որ հիմնադիրները վճռական են տրամադրված եղել՝ զերծ մնալու քաղաքական որևէ պատկանելությունից և ուշադրությունը սևեռել են հայ ժողովրդի համընդհանուր բարօրությանը ծառայելու գործին։ Այս ոգին իր արտացոլումն է գտել նրանց կարգախոսի մեջ՝ «Միությունը զորություն է», որը սերունդներից յուրաքանչյուրին հիշեցնում է, որ հայերի հզորացման բանալին տեսակետների, համոզմունքների, տնտեսական կարգավիճակի կամ ծագման բազմազանությունն ընդունելն ու այդ ամենը բոլորին միավորող նպատակին ծառայեցնելն է։
Ճշմարտությունն այն է, որ ՀԲԸՄ-ի հիմնադիրներն իրենց առաջին բարեգործական առաքելությունն իրականացնում էին անհատների համար, որոնց երբեք անձամբ չէին հանդիպել՝ համիդյան վարչակարգի ծանրության ներքո ճնշումների ենթարկված օսմանյան հայերին։ Սակայն ՀԲԸՄ-ի գործունեությունն արտացոլող պատմությունն արագորեն տարածվեց սահմաններից ու օվկիանոսներից անդին՝ արձագանք գտնելով այն հայերի շրջանում, որոնք նույն կարեկցանքի զգացումն ու հնարավորություններն ունեին միանալու այդ առաքելությանը։
Տարեցտարի, տասնամյակից տասնամյակ, ՀԲԸՄ-ի ներկայությունն աճեց ու տարածվեց՝ ձևավորելով տեղական կազմակերպություններից բաղկացած գլոբալ ցանց, որը յուրաքանչյուր տարի ձեռք է մեկնում 30-ից ավելի երկրներում ապրող 500,000-ից ավելի հայերի։ Մենք ծանրակշիռ դեր ենք ունեցել ու առանցքային ռեսուրսներ տրամադրել ճգնաժամերի ժամանակ։
Հայաստանի Հանրապետությանն ու Հայ Առաքելական Եկեղեցուն մեր նվիրումն անսասան է։ Դա մեզ թույլ է տալիս առաջնորդել նպատակային, գործել արդյունավետ և մարտահրավերների մեջ գտնել հնարավորություններ։ Համաշխարհային պատերազմների, տեխնոլոգիական հեղափոխությունների, փոփոխվող ժողովրդագրության, վերաձևվող քարտեզների ու քաղաքական
վերադասավորումների պայմաններում ՀԲԸՄ-ն հաջողում է շարժվել ժամանակին համընթաց։
Մեզ բաժին է հասել մի ժառանգություն, որով անսահման հպարտ ենք, սակայն երբեք չենք թուլացնում մեր զգոնությունը, քանզի աշխարհը փոփոխվում է առավել արագ, քան երբևէ, իսկ անորոշությունն այսօր պարտադրում է, որ մեկ քայլ առաջ մտածենք վաղվա օրվանից։
Հուսով եմ՝ դուք կոգեշնչվեք այն ամենով, ինչ ՀԲԸՄ-ն արել է բազմաթիվ վայրերում ապրող այդքան մեծ թվով հայերի համար՝ աջակցելով նրանց բազմապիսի հարցերում։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր նվիրատուներից, կամավորներից ու անձնակազմի անդամներից յուրաքանչյուրին՝ անցյալ ու գալիք սերունդների հոգում հայկական ոգու կրակը վառ պահելու համար»,- ասվում է ուղերձում։
Aysor.am
