Սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվությունն ու օտարերկրյա ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու բովանդակության տարածումը տեսալսողական մեդիայում կարգելվի։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց ապրիլի 16-ին ԱԺ-ում՝ 58 կողմ, 15 ձեռնպահ և 3 դեմ ձայնով։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ նախագծով կարգավորող պետական մարմնին կլիազորվի, որը կսահմանի համապատասխան չափորոշիչներ։
«Նախագիծը լրամշակվել է Արդարադատության նախարարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործընկերների հետ գործակցության արդյունքում»,- ներկայացրեց Հայրապետյանը։
Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների համաձայն՝ կհստակեցվեն տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը։ Մասնավորապես՝ կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, ցանցային օպերատորների նկատմամբ հստակ կսահմանվեն լիցենզիայի կասեցման, դադարեցման հիմքերը և կիրառման մեխանիզմները, կնախատեսվի տուգանք ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտման գործունեություն իրականացնելու համար։
Օրենքի կարգավորումները կգործեն ոչ միայն հանրային մուլտիպլեքսի 26 հեռուստաալիքի, այլև կաբելային հեռուստաալիքների դեպքում։ ՀՌՀ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն խախտումներ:
Փետրվարի 3-ին կառավարությունն առաջարկել էր արգելել սահմանադրական կարգը բռնի տալալելու կոչը, պատերազմի քարոզը:
Armenia Today
