Логотип

«Ուժեղ Հայաստանից» հայտնել են Արտաշատում ձերբակալությունների ու խուզարկությունների պատճառը

«Ուժեղ Հայաստանի» անդամ Լևոն Սարգիզովը հայտնել է Արտաշատում կուսակցության համակիրների ձերբակալության ու խուզարկությունների պատճառը։

Նրա խոսքով՝ ապրիլի 13-ին կուսակցությունն Արտաշատի համայնքապետարան դիմում էր ներկայացրել, որ ցանկանում է ապրիլի 19-ին իրականացնել իրազեկման հանրային հավաք։

«Այսօր առավոտյան հրավիրել են հանդիպման և հայտնել, որր չեն կարող թույլ տալ, որպեսզի այդ օրն իրականացվի հանրային հավաք՝ պատճառաբանելով, որ այլ միջոցառում է նախատեսված»,- ասել է Սարգիզովը։

Նա հիշեցրել է, որ ըստ ՏԻՄ օրենքի, եթե ներկայացվել են միևնույն օրը միևնույն վայրում հավաքի իրականացման իրազեկում և հանրային միջոցառում իրականացնելու դիմում, ապա նախապատվությունը տրվում է հավաքին։

Այսօր ավելի վաղ կուսակցության անդամ Գոհար Մելոյանն ահազանգել էր՝ հայտնելով իրենց համակիրներին բերման ենթարկելու և խուզարկությունների մասին:

Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ ձայնագրություն էր հրապարակել և հայտնել «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքով քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ բերման ենթարկվածներն ունեն ձերբակալվածի կարգավիճակ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահներն սկսել էին հաղորդում տարածել մարտի 30-ից: Ուժի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, Armenia Today-ին մեկնաբանելով տեղի ունեցածը, այն որակել էր իրավական գործընթացների խեղաթյուրում և հայտնել, որ մարտի 30-ից սկսած՝ ամբողջ Հայաստանով տարբեր գրասենյակներից անձինք են հրավիրվում ոստիկանության բաժիններ՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։

Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կուսակցության անդամներին՝ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին, ով նաև կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողն է, բերման էր ենթարկել։ Ղումաշյանը մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանը՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառել։

Կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ մարտին կայացած հարցազրույցում նշել էր՝ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին: