Логотип

Գագիկ Ծառուկյանի փեսայից և դստերից կբռնագանձվի բաժնետոմսեր, խոշոր գումար, անշարժ գույք

Կոտայքի մարզի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից դատախազությունը կբռնագանձի շուրջ 1 մլն դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ինչպես նաև բաժնետոմսեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրան փոխկապակցված անձանց։ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի (Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար), Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։

«Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատական ակտին»,- ասված է հաղորդագրությունում։

Օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի՝

– Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը

– Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ

– «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս

– 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:

Վերոնշյալից բացի, Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև՝

– 934.000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲԸ` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք.

– 1 մլրդ 227 մլն 490 հազար 966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.

– 58 մլն 120 հազար 147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։

Sputnik Արմենիա