Логотип

ANCA․ Հայաստանը TRIPP-ից կստանա թուլացած ինքնիշխանություն և ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն

ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը, որը հայ գերիներին թողնում է ադրբեջանական գերության մեջ, զրկում է 150 հազար արցախցի փախստականներին վերադարձի իրավունքից և փաստացի պարգևատրում է Ադրբեջանի ցեղասպան էթնիկ զտումները՝ ապահովելով 99-ամյա տրանսպորտային միջանցք ինքնիշխան Հայաստանի տարածքով, դա խաղաղության ուղի չէ, այլ հայկական պետությունը ոչնչացնելու ծրագիր։ Այս մասին նշվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի (ANCA)՝ Կապիտոլիումի բլրին կազմակերպած «Խաղաղություն առանց արդարության Հարավային Կովկասում» ճեպազրույցի ժամանակ։

Նշվել է, որ խաղաղության համաձայնագիրը իր ներկա տեսքով չի պարունակում ոչ մի դրույթ, որը պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին կամայական կալանքից։ Այն չի պարտավորեցնում Ադրբեջանին պաշտպանել հազարամյակների պատմություն ունեցող հայկական քրիստոնեական ժառանգությունն Արցախում։ Նաև չի անդրադառնում 150 հազար հայերի կարգավիճակին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները։ «Սրանք երկու կողմերի միջև խաղաղության բանակցություններ չեն։ Սա Ադրբեջանի թելադրանքն է՝ Թուրքիայի աջակցությամբ և Արևմուտքի համաձայնությամբ, որն ուղղված է Հայաստանի լիակատար և անվերապահ կապիտուլյացիային։ Հայաստանին պարտադրված ցանկացած խաղաղություն՝ առանց նրա ինքնիշխանության և կենսունակության նույնիսկ նվազագույն հաշվառման, դատապարտված է ձախողման»,- նշել են մասնակիցները։

Ինչպես ընդգծվել է, TRIPP-ը վատ մտածված նախագիծ է՝ հաջողության քիչ կամ զրոյական շանսով։ Նույնիսկ եթե այն իրականացվի, Հայաստանը և հայ ժողովուրդը դրանից ոչ մի օգուտ չեն ստանա՝ միայն թուլացած սահմաններ, ինքնիշխանության նվազում և թուրքական ու ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն։

Ճեպազրույցի կազմակերպիչները նաև ընդգծել են, որ ադրբեջանական զորքերի շարունակական ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում հստակ ազդանշան է այն մասին, որ Բաքուն իրեն պարտավորված չի համարում պահպանել Հայաստանի հետ կնքված որևէ համաձայնագիր։ Նրանց ներկայությունը հստակ և անմիջական սպառնալիք է երկրի համար։

News.am