Անկախ դատարանի որոշումից, մեզ համար վարքագծի որևէ փոփոխություն չի լինի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ակնկալում է, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցն այսօր կփոխվի և նա ազատ կարձակվի։
Հարցին՝ Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից առաջ, երբ ասաց. «Մեր ձևով» կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, նա միտք ունե՞ր մտնել քաղաքականության, նա պատասխանեց. «Համենայնդեպս, ես և ինքը չենք քննարկել այդ թեման։ Իսկ նմանատիպ թեմաները մեր ընտանիքում սովորաբար քննարկվում են»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը ինչ-որ մարդկանց խոստումներ է տվել, դրանք չի կարողանալու կատարել, դրա համար ունեզրկվելու է, Կարեն Կարապետյանն ասաց. «Ձեր ժպիտը չի գալի՞ս այդ արտահայտության համար։ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ է ասել, որ իրականություն է եղել։ Հլը հերթով նայեք, ինչ ասել է՝ իրականություն դարձե՞լ է։ Ընդհակառակն է իրականություն դարձել, այսինքն կստացվի, որ իր ունեցվածքը ավելանալու է, որովհետև բիզնեսները շատ ակտիվ աշխատում են անգամ իր բացակայության պայմաններում։ Այդտեղ պարզ երևում է, որ ինքը ճգնաժամային կառավարիչ է, անգամ ձեռքերը կապած։ Իրենք շատ փոքր են, որ մեզ կարողանան ոչնչացնել, հասկանալի՞ է»։
Կարեն Կարապետյանը նշեց, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքի տակ մնալն, իհարկե, կազդի քարոզարշավի վր, բայց թիմերն արդեն բավականին մեծ են, հանրային աջակցությունը բավականին մեծ է, իսկ դա ձնագնդի էֆեկտ ունի և աստիճանաբար մեծանալու է. «Այնպես որ որևէ բացասական հետևանք ես չեմ տեսնում, այն, ինչ լինելու է, կլինի։ Իսկ ինչ է լինելու, անպայման մեր ուզածը կլինի»։
Ինչ վերաբերում է նրան, որ տարակուսելի է, որ իրենք չեն ցանկանում, որ լրատվամիջոցները լուսաբանեն դատական նիստը, Կարեն Կարապետյանն ասաց. «Դա մասնագետների որոշումն է, ոչ թե մեր։ Տակտիկական քայլ է, որը մենք, մեր մասնագետները ենթադրում են, որ դա ճիշտ է։ Պատճառների մասին չեմ ուզում խոսել»։
Հիշեցնենք, որ տասը ամիս տևած քննությունից հետո ապրիլի 15–ին մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:
Առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր. «Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և կարևոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»։
Փաստաբանը հիշեցրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ընդունում է քաղաքական ուժերի հայտերը, կազմում է ցուցակները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը։
Ապրիլի 15–ի նիստը հետաձգվել էր 2 օրով և կշարունակվի այսօր։
News.am
