Логотип

«ՀՀ իշխանությունն այլ իրականության մեջ է ապրում». Մովահեդիանը՝ ԱԳՆ-ի հայտարարության մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը չի վրիպել իրանցիների ուշադրությունից։ ԱԳՆ–ի հաղորդագրությունը մեկնաբանել է միջազգային հարաբերությունների փորձագետ, Թեհրանի համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը։

ՀՀ ԱԳՆ–ն երեկ հաղորդագրություն էր հրապարակել X-ում` Իսրայելի կառավարությանը և ժողովրդին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ։ Գերատեսչությունը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ։

«ՀՀ ԱԳՆ–ն Իսրայելին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ։ Ի՜նչ դառը հեգնանք։ Մինչ ամբողջ աշխարհը դատապարտում է Իսրայելի հանցագործությունները և հեռավորություն պահում այդ ռեժիմից, ՀՀ կառավարությունն այլ իրականության մեջ է ապրում», – X սոցցանցում գրել է իրանցի փորձագետը։

Նա հավելել է՝ այդ շնորհավորանքը հնչում է Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության հետ կապված խնդիրների, այն խլելու փորձերի և արմատական հրեաների` հայ հոգևորականության նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի ֆոնին։

Ինչպես նշել է Մավահեդիանը, Իսրայելը մինչ օրս Հայոց ցեղասպանությունը դիտարկում է որպես իրադարձություն, որը որոշ առումով «մրցակցում» է Հոլոքոստի հետ։

«Իսրայելի կողմից Բաքվին տրամադրված հետախուզական և ռազմական օգնությունը հանգեցրեց Ղարաբաղի օկուպացմանն ու այնտեղ ապրող 120 000 հայերի արտաքսմանը», – եզրափակել է իրանցի փորձագետը։

Sputnik Արմենիա