Логотип

«Արցախ» միությունը ՀՀ իշխանությունից պահանջում է վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը

«Արցախ» միությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով բռնազավթված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերի առնչությամբ վերանայել Ադրբեջանին խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը։

Ավելի վաղ հայտնել էիք, որ Ադրբեջանն ավերել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։

«Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են»,– ասված է հայտարարությունում։

Հայտարարությամբ կազմակերպությունը ՀՀ կառավարությունից պահանջում է վերանայել իր քաղաքականությունը և ձեռնարկել կոնկրետ քայլեր։ Մասնավորապես, առաջարկվում է միջազգային իրավական հարթակներում ակտիվացնել գործողությունները, այդ թվում՝ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ նոր միջանկյալ միջոցների կիրառման պահանջով։

Նշվում է նաև, որ անհրաժեշտ է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՅՈւՆԵՍԿՕ–ում՝ Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման նպատակով։ Բացի այդ, կազմակերպությունը կարևորում է, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը դառնա բանակցային գործընթացի առանցքային պայմաններից մեկը։

«Արցախ» միությունը նաև միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել անկախ դիտորդական առաքելության մուտքը տարածքներ՝ գնահատելու մնացած հուշարձանների վիճակը և կանխելու հետագա վնասները։

Կազմակերպության գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը, որպես դիմումատու կողմ միջազգային դատական գործընթացներում, պետք է ցուցաբերի առավել ակտիվ և հետևողական մոտեցում՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։

Sputnik Արմենիա