«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ավագ որդին՝ Սարգիսը, ֆրանսերենով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Նշենք, որ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանելու մայիսի 5-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նախորդ անգամ նա Հայաստանում էր 2018 թվականին կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ։
Կարապետյանն ընդգծել է՝ այն, որ Մակրոնը մայիսին վերադառնալու է Հայաստան, լավ է, ու հայ ժողովուրդն էլ գնահատում է երկու երկրի միջև եղած բարեկամությունը։
«Դուք գալիս եք Հայաստան մի մարդու հրավերով, որին անվանում եք Ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է՝ միջազգային հանրության խաբելով և ժողովրդավարական արժեքների հետևում թաքնվելով։ Նա երկիրը մղել է իրավական քաոսի՝ հարձակվելով մեր եկեղեցու, մեր սփյուռքի, և իր քաղաքական հակառակորդների վրա։ Ցանկացած բնռապետություն կնախանձեր այդքան մեծ թվով քաղբանտարկյալների»,- ասում է Սարգիս Կարապետյանը։
Նա ուղերձում նշում է, որ ընդունելով Փաշինյանի հրավերը ընտրություններից 2 ամիս առաջ, նրան ևս մեկ հնարավորություն է տրվում՝ խաբելու հայ ժողովրդին։ Քաղաքական գործչի որդին պնդում է՝ ՀՀ այժմյան ղեկավարի հետ հանդիպումն անիմաստ է, քանի որ 2 ամսից Սամվել Կարապետյանը կդառնա Հայաստանի վարչապետ։
«Եթե ձեզ համար կարևոր են ժողովրդավարական արժեքները, նախ պետք է հանդիպեք նրա հետ, նա կալանքի տակ է։ Մենք ձեզ հրավիրում ենք այցելել մեզ։ Դուք ձեզ կզգաք ինչպես տանը»,- վստահեցնում է Սարգիս Կարապետյանը։
Sputnik Արմենիա
