Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» արշավի հաղորդման տեսանյութը հեռացվել է Հանրային ՀԸ-ի Youtube-յան ալիքից, պատճառն այն է, որ դիտումները քիչ են եղել, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր տեղեկություններին:
Օրեր առաջ հայտարարվել էր, որ «Կրթվելը նորաձև է» արշավն ավարտում է այս փուլը, իսկ կրթարշավի տեսահոլովակները շուտով կցուցադրվեն հեռուստատեսությամբ: Ապա սկսեցին հեռարձակել պետական ֆինանսավորմամբ գործող Հանրային հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ անվճար հիմունքներով և «փրայմ թայմին», նշված է ԶԼՄ-ի հրապարակման մեջ:
Թողարկումներից մեկը հեռարձակվել է հուլիսի 18-ին՝ ժամը 22:00-ի հատվածում։
«Մեզ ասացին, որ այն հիմա տեղադրված է միայն կառավարության յութուբյան էջում և տասն օրվա ընթացքում 2 500 դիտում է ունեցել: Այսինքն՝ ժողովուրդը բացարձակ անտարբեր է այս զույգի և նրանց կրթարշավի նկատմամբ», – գրում է թերթը:
Հակոբյանը մի քանի ամիս է՝ նախաձեռնել է «Կրթվելը նորաձև է» շարժումը: Նպատակը, ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքացուն կրթվելու և նորովի մտածելու շարժառիթ հաղորդելն է։ Շարժման շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ, դասախոսություններ և քննարկումներ տարբեր համայնքներում՝ ընդգրկելով ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերը:
Armenia Today