Логотип

Վթարների զոհ դարձած երեխաների թիվն աճել է․ ոստիկանությունը խստացրել է հսկողությունը

Հայաստանի ճանապարհներին երեխաների մասնակցությամբ ողբերգական դեպքերի վիճակագրությունը մտահոգիչ աճ է գրանցել։ Ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների, որոնք տրամադրվել են «ՍիվիլՆեթ»-ի հարցմանը, 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 25 անչափահաս, ինչը գերազանցում է նախորդ ողջ տարվա ցուցանիշը, երբ գրանցվել էր 24 մահ։

Զգալիորեն ավելացել է նաև վթարներից տուժած երեխաների թիվը։ Եթե 2024-ին մարմնական վնասվածքներ էր ստացել 877 անչափահաս, ապա այս տարվա 11 ամիսներին այդ թիվն արդեն հասել է 1081-ի։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա նշված ժամանակահատվածում արձանագրվել է մահվան և մարմնական վնասվածքների ելքով 3840 պատահար, որոնց զոհ է գնացել 232 քաղաքացի, վիրավորվել՝ 5716-ը։ Համեմատության համար նշենք, որ 2024-ի տարեկան ընդհանուր պատկերը հետևյալն էր՝ 4314 պատահար, 333 զոհ և 6116 վիրավոր։

Ուշագրավ է, որ անչափահասների շրջանում տուժածների թվի աճը զուգորդվում է վարչական տույժերի կտրուկ խստացմամբ։ Ոստիկանությունն այս տարի կրկնակի ավելացրել է երեխաներին առանց համապատասխան պահող սարքերի (քարսիթների) տեղափոխելու համար կազմված արձանագրությունների թիվը՝ հասցնելով այն 10 045-ի՝ նախորդ տարվա 5451-ի դիմաց։ Ավելացել են նաև ամրագոտիների չկիրառման համար տուգանքները՝ կազմելով շուրջ 198 հազար։ Միևնույն ժամանակ գերատեսչությունից պարզաբանել են, որ չամրակապվելու հետևանքով մահվան դեպքերի առանձին վիճակագրություն չի վարվում։

Verelq.am