Логотип

Ինչու Ջահերով երթից առաջ չայրվեց Ադրբեջանի դրոշը․ պարզաբանում է Իշխան Սաղաթելյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պարզաբանել է, թե ինչու Ջահերով երթից առաջ չի այրվել Ադրբեջանի դրոշը։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Հանրապետության հրապարակում Թուրքիայի դրոշի հետ միասին Ադրբեջանի դրոշը չայրելը կապված է ՀՅԴ դիրքորոշման փոփոխության հետ:

Նշենք, որ վերջին մի քանի տարին Ջահերով երթից առաջ Թուրքիայի դրոշի հետ մեկտեղ այրվում էր նաև Ադրբեջանի դրոշը։

«Նախ՝ այդ դրոշը «Դաշնակցությունը» չի այրում, որ մեր հայացքներում ինչ-որ բան փոխված լինի կամ չլինի։ Նման որոշում ընդունել է երիտասարդությունը: Մի տարի կայրեն (Ադրբեջանի դրոշը — խմբ.), մի տարի՝ ոչ: Դա մեր ընդհանուր վերաբերմունքն է»,- ասել է Սաղաթելյանը:

Պատգամավորը նման հարցեր բարձրացնող անձանց խորհուրդ է տվել իրենց կարծիքն իրենց պահել: Նա ընդգծել է, որ երևի շատ քիչ ուժեր կան, որոնց քաղաքական հայացքներում և դիրքորոշումներում ոչինչ չի փոխվում։

Հիշեցնենք, որ Ջահերով երթն այս տարի անցկացվեց «Պայքարը շարունակվում է» կարգախոսով։

Sputnik Արմենիա