Ներկա աշխարհի, միջազգային հարաբերությունների նոր զարգացումների ֆոնին անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի ռազմավարական ու պահանջատիրական մոտեցումները վերանայել ու վերարժևորել։ Այս մասին այսօր Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցի ոգեշնչման երեկոյին հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։
«Պետք է իրավական քայլեր կատարենք։ Տարածաշրջանում հարցերը պետք է լուծվեն քաղաքական բանակցությունների միջոցով ՝ պահպանելով տարածաշրջանի երկրների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,– ասաց նա:
Կաթողիկոսը համոզված է, որ չնայած 111 տարի է անցել, բայց Հայոց ցեղասպանության հիշատակը չի ստվերվել հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ, իսկ հայ ժողովրդի պահանջատիրությունը չի նահանջել։
«Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում արյան հետ խառնված չէ, ում ինքնության հետ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը, այլապես դա ուրացումն է հայ ինքնության»,– հավելել է Արամ Ա–ն։
Հայաստանի իշխանությունը, ըստ նրա, պետք է շարունակի աշխարհին հիշեցնել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ գործադրված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, քանի որ սա պատմականորեն անուրանալի իրողություն է։ Կաթողիկոսը համոզված է, որ մենք պետք է հիշեցնենք ցեղասպանությունը թուրքերին` այդ թվում մտավորականներին ու երիտասարդ սերնդին։
Արամ առաջինը շեշտեց, որ իրենք մերժում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական ու տնտեսական ցանկացած հարաբերություն, որը կլինի ի հեճուկս ազգային գերագույն իրավունքների։
«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և մեր բռնաբարված իրավունքների համար վնասի հատուցումը, Արցախի ժողովրդի վերադարձը և միջազգային երաշխիքներով ինքնավարության վերականգնումը, կրոնական և պատմական հուշարձանների պաշտպանությունը և Բաքվից հայ գերիներ ազատ արձակումը մնում են պահանջատիրության հիմնական սկզբունքները ու հավաքական պահանջը»,– հավելեց նա։
Եզրափակելով ելույթը` Մեծի տանն կիլիկիո կաթողիկոսը ասաց, որ «Հիշել, հիշեցնել ու պահանջել» նշանաբանը պետք է պայքարի ուղեգիծը դառնա, մինչև որ ազգի իրավունքներն ամբողջությամբ չհատուցվեն։
Sputnik Արմենիա
